Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ինչ խոսի, որ լուռ չմնա։ Այդ առաջին անգամն էր, որ նա մեն-մենակ նստած էր մի օրիորդի հետ միմիայն մի փոքրիկ երեխայի ներկայությամբ։ Նա ուզում էր այդ երեխայի հետ խոսել, բայց երեխայի հետ խոսելու եղանակն էլ չգիտեր։ Թեև նրա լեզվի ծայրին էր եղանակի մասին խոսելու մշտապատրաստ նյութը, բայց որովհետև մի տեղ կարդացել էր, թե խոսելու նյութ չգտնող անշնորհք մարդիկ լուռ չմնալու համար միշտ եղանակի մասին են սկսում խոսել, այդ պատճառով ավելի լավ համարեց լռել, քան թե եղանակի մասին խոսել սկսելով իր անշնորհքությունը ցույց տալ:

Բայց Եվան կամ չէր կարդացել խոսելու նյութ չգտնող անշնորհք մարդկանց մասին նրա կարդացածը, կամ ամենևին չվախեցավ, թե ինքը կարող է այդպիսի անշնորհքներից մեկը համարվել, եթե եղանակի մասին խոսակցություն բանար։

— Ի՜նչ վատ եղանակ է, տե՛ր իմ աստված,— ասաց նա ոտները կուչ ածելով և մի ձեռքով ամուր գրկելով եղբորը։— Խոնավ, ցուրտ, մառախլապատ... Ի՛նչ լավ է, որ դուք ձմեռվա վերարկու եք վերցրել։

— Ես մրսկան եմ,— ասաց Շահյանը և իսկույն մտածեց, թե «տղամարդուն» վայել բա՞ն էր արդյոք իր ասածը։

— Եվ գիտեք, կան մարդիկ,— շարունակեց Եվան,— որոնք սիրում են այսպիսի եղանակ։ Այ, օրինակ, Աշխենը, հորեղբորս աղջիկը։ Նա այսպիսի եղանակ սիրում է։ Ասենք, այսպիսի եղանակ չէ։ Եղանակը հիմա ուղղակի անպիտան է և զզվելի։ Ուզում եմ ասել սարսափելի եղանակ։ Սարսափելի եղանակը գիտե՞ք որն է.— երբ սև ամպերն ու գետնի փոշին խառնվում են իրար, երբ կատաղի փոթորիկը ծռում է ծառերի կատարները, երբ երկինքը փայլատակում, գոռում ու ճայթում է...

— Լավ, այդպիսի եղանակի մեջ ի՞նչ կա սիրելու, որ սիրում է ձեր հորեղբոր աղջիկը։

— Այ, ասեմ։ Մի անգամ, անցյալ մայիսին, գիշերը, հանկարծ սկսեց անձրև գալ, ուղղակի հեղեղ։ Երկինքը սարսափելի փայլատակում և այնպես որոտում էր, որ լուսամուտները զնգզնգում էին։ Որ գիտենաք ինչպես վախենում