Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քանի որ ասում ես, թե սիրում ես Եվային, իսկ Եվան դեպի ինձ է հակված (այդ ես էլ եմ նկատում. պարզ խոսելը լավ է), և հոգիդ անդորր պահելու համար անհրաժեշտ ես գտնում, որ վերջ տրվի իմ ու քո միջև եղած բարեկամությանը,— համաձայն եմ, տուր ինձ ձեռքդ։ Հարկավ, դա շատ ծանր է ինձ համար, բայց ավելի լավ է՝ հեռու մնանք իրարից իբրև բարեկամ, քան մոտիկ լինենք իբրև թշնամի։ Անձնասպանության մասին ավելորդ եմ համարում խոսել, որովհետև այդ, իհարկե, շատ հիմար մի միտք է, որ ծագել է գլխումդ։ Ե՛ս միայն զարմանում եմ, թե այդ ի՜նչ հրեշավոր գաղափար ունիս իմ մասին, որ բավական չէ այդ մասին գրում ես ինձ, այլև իմ ընտրությանս ես թողնում...

Ինչևիցե, այս թողնենք։ Ես քեզ ուրիշ բան եմ ուզում ասել,— և նամակովդ ինձ մատուցած մեծ ծառայությունն այդ բանը համարիր։

Քո և իմ միջև եղած բարեկամությանը վերջ դնելով, ես միևնույն ժամանակ այսօրվանից վերջ եմ դնում իմ և Եվայի միջև եղած բարեկամությանը, համակրությանը, սիրույն,— ինչպես ուզում ես՝ անվանիր։

Այս բանը թերևս անսպասելի լինի քեզ համար։ Բայց մի զարմանար, Լևոն: Քեզ հայտնի է, որ իմ անձը սուրբ երդումով նվիրել եմ իմ թշվառ հայրենիքին, հետևաբար այդ անձը չի կարող, իրավունք չունի պատկանելու մի որևէ անհատի, թեկուզ այդ անհատը լիներ Եվայի պես մի աղջիկ, որի համար,— օ՜, սիրո հանցավոր պաշտելի աստված,— արժե մոռանալ հայրենիքն էլ, ամեն բան էլ... Մյուս կողմից, ի՞նչ խղճով ես կարող եմ վայելել մի սեր, երբ ինձ համար պարզ է, եթե ես չլինեի, կարող էր պատկանել իմ ընկերոջը։ Ո՛չ, այդպիսի սերն երջանկություն չէր բերիլ ինձ համար, այլ սոսկալի թշվառություն, որովհետև գիտակցությունս աչքիս առաջ շարունակ պիտի ներկայացներ այդ սիրո պատճառով թշվառացած թանկագին ընկերոջս տանջանքները...

Այդպես ուրեմն, անգին բարեկամ և ազնիվ ընկեր, այս օրվանից ամեն բան արդեն վճռված է։ Հավաքում եմ սրտիս բոլոր քաջությունը, մտքիս բոլոր խոհականությունը և հրաժեշտ եմ տալիս քեզ և քեզ հետ միասին — Եվային։ Եթե մի քանի կարևոր գործերս չլինեին, որոնց, սակայն, հույս ունիմ