Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

— Ես էլ այդ էի մտածում,— պատասխանեց Շահյանը, խիստ անհարմար դրության մեջ զգալով իրեն ընկերոջ սառն ընդունելությունից:

— Այդ մի փոքր տարօրինակ կլիներ,— ավելացրեց Բազենյանր։— Գոնե ինձ համար...

— Ինձ համար էլ,— մեքենայաբար վրա բերեց Շահյանը։

— Թողնենք մեր պատանեկությունը... այս վերջերս կարճ միջոցում այնքան մոտեցանք իրար, գոնե ես ինձ այնքան մոտ էի զգում քեզ, որ համոզված էի, թե ոչ մի բան չպիտի կարողանար արգելք լիներ մեզ անջատման ժամին եղբայրաբար սեղմելու իրար ձեռք և մնաս բարյավ ասել իրար վերջին անգամ։

Շահյանը զգացվեց։ Առանց հանդիմանության և թախծորեն արտասանված այդ խոսքերն այնպիսի ազդեցություն ունեցան նրա վրա, որ նա անկարող եղավ զսպել իրեն և բացականչեց ամենայն անկեղծությամբ.

— Այո՛, այո՛, մենք դարձյալ ընկերներ ենք... Պետք է ներես, Սուրեն... Զգում եմ, որ մեղավոր եմ քո առաջ, չպետք է գրեի քեզ այն նամակը...

Բազենյանը փորձող հայացքով նայեց նրա շփոթված դեմքին և հանգիստ վեր քաշեց ուսերը։

— Տեսնո՞ւմ ես, դու ուրիշ բան հասկացար,— ասաց նա։— Իսկ ես այդ չէի ուզում ասել։

— Գիտեմ, գիտեմ,— արագ, ավելի ևս անկեղծորեն վրա բերեց Շահյանը։— Եվ իզուր ես կարծում, թե խոսքերդ ակնարկություն եմ ընդունում իմ այն չարաբաստիկ նամակի համար։ Ընդհակառակը, Սուրեն. ես ավելի քան հավատում եմ քո ընկերական անկեղծությանը, և եթե ասացի, թե չպետք է գրեի քեզ այն նամակը, ասացի նրա համար, որ... խիղճս հանգիստ չէ։ Կարծես մի ծանր հանցանք եմ գործել, որ ոչ ես և ոչ ուրիշն երբեք չպետք է ների ինձ...

Բազենյանը իր սուր հայացքով մի րոպե վերին աստիճանի լրջորեն նայեց Շահյանի խեղճ, միամիտ աչքերին։

— Խղճիդ մի հավատար, Լևոն,— ասաց նա հանգիստ։— Չափազանց զգայուն լինելուց խիղճդ ծայրահեղության մեջ է ընկնում: Երկար չեմ ուզում խոսել այս մասին,— ավելացրեց