դրությունը, միանգամից կորցրեց այդ հույսը։ Նա զգաց առաջին անգամ, որ ինքը շատ կեղծ, նույնիսկ անպատվաբեր դրության մեջ է դրել իրեն Եվայի ու Բազենյանի միջև։ Եվ մինչդեռ մի կես ժամ առաջ հավատացած էր, թե հազար ռուբլին Բազենյանին հանձնելով մաքուր սրտից բխած զոհաբերություն է անում մի շատ բարի գործի համար, այժմ իր սրտի խորքում զազրանքով զգաց, որ այդ զոհաբերությունն իսկապես վարձատրության պես մի բան է եղել այն բանի համար միայն, որ Բազենյանը Եվային զիջել է իրեն։ Այդ միտքն այնքան ծանր եկավ նրան, որ նրան թվաց, թե ինքը վերին աստիճանի անբարոյական մի քայլ է արել, որի համար ամենքը, առավելապես Եվան, գարշանքով պետք է դեմքը շրջեն իրենից...
Շահյանն այլևս քաջություն չունեցավ մնալու Մարությանի և նրա աղջկա մոտ։ Նա օգուտ քաղեց առաջին հարմար դեպքից և կանգ առավ, որ բաժանվի նրանցից։
— Ուրեմն դուք խոստանում եք, որ վաղն անպատճառ կտեսնեք նրան և կասեք, որ գնալուց առաջ անպատճառ հանդիպի մեզ։ Հա՞,— հարցրեց Եվան, նայելով նրան այնպիսի հուսահատական-աղերսական հայացքով, որ Շահյանի բարի սիրտը ճմլվեց անհուն խղճահարությամբ։
Այս անգամ Շահյանը հաստատ խոսք տվեց, զգալով, որ անպատճառ պարտավոր է հոր ու աղջկա խնդիրը հայտնել Բազենյանին ոչ թե նրա համար, որ այդ կարևոր էր նրանց, այլ նրա՛ համար, որ այդ անհրաժեշտ էր իրեն, որովհետև զգում էր, որ Եվայի ու Բազենյանի միջև նոր սկսված և իր պատճառով խզված սրտագին հարաբերությունները նորոգելով միայն կարելի է սրբել այն գարշելի կեղտը, որ սպառնում էր առ միշտ ծանրանալ իր խղճի վրա Բազենյանին տված հազար ռուբլու բուն շարժառիթի գիտակցությունից...
Հետևյալ օրը Շահյանը գնաց Բազենյանի մոտ։
Այն միջոցին, երբ ուզում էր բանալ ընկերոջ սենյակի դուռը, ներսից ինչ-որ տաք խոսակցության ձայներ լսեց։ Լսվում էր իրեն՝ Բազենյանի ձայնը և մի ինչ-որ կանացի