Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձայն. առաջինը խոսում էր բարկացած, երկրորդը՝ հանդիմանությամբ և լացագին։ Շահյանն ականջ դրեց մի րոպե միայն և հեռացավ։ Նա անցավ հյուրանոցի միջանցքի ծայրը և շուռ եկավ, որ ետ դառնա, երբ նույն րոպեին Բազենյանի սենյակից դուրս եկավ մի հաղթանդամ կին։ Շահյանն իսկույն ճանաչեց նրան։ Դա պանի Զդանևիչն էր։ Շահյանը չկամեցավ, որ նա տեսնի իրեն, և ծռվեց անկյան միջանցքը։ Պատի ետևից ծածուկ նայելով տեսավ, թե ինչպես պանի Զդանևիչը, գլուխը հպարտորեն բարձր բռնած, անցավ գլխավոր միջանցքով և իջավ սանդուղքներով դեպի դուրս։ Շահյանը սպասում էր, որ Բազենյանն էլ դուրս կգա սենյակից, բայց Բազենյանը չերևաց։

Այդ դեպքը շատ տարօրինակ թվաց Շահյանին։ Նա ամենևին չէր սպասում, թե Բազենյանի մոտ եղած կինը պանի Զդանևիչը կլինի և նա այդ կնոջ հետ կլինի այնպես բարկացած խոսելիս։ Բայց ի՞նչ կապ կար նրանց միջև... Շահյանի մեջ նորից զարթնեց Բազենյանի և լեհացի կնոջ փոխադարձ հարաբերության վերաբերյալ այն կարծիքը, որ ծագել էր նրա մեջ դեռևս «Միխայլովո» կայարանում, ուր առաջին անգամ հանդիպել էր նրանց իրար հետ աշնան սկզբին, երբ ինքը Բաթումից վերադառնում էր Թիֆլիս։

Նա չէր իմանում, այդ դեպքից հետո հարմա՞ր էր արդյոք, որ մտնի Բազենյանի մոտ։ Համենայն դեպս երկար ժամանակ սպասեց, հետո դուրս եկավ թաքստի տեղից և դիմեց դեպի ընկերոջ սենյակը։

Երբ նա մտավ, Բազենյանը ջղային արագ քայլերով անցուդարձ էր անում սենյակում։ Բարկությունից նրա դեմքը ձգձգվում էր, աչքերը չար արտահայտություն էին ստացել։

Շահյանը վճռել էր ցույց տալ, թե ոչինչ չգիտեր և ոչինչ չի տեսնում. բայց Բազենյանի դրությունն այն աստիճան արտասովոր երևաց նրան, որ չկարողացավ չհարցնել.

— Ի՞նչ է պատահել. դու բարկացած ես երևում:

— Դատարկ բան է։ Անախորժ լուր ստացա դրանից է,— ասաց Բազենյանը, աշխատելով իրեն տիրապետել։— Նստիր, խնդրեմ: Լավ է, որ եկար։ Այս րոպեիս ինքս էի ուզում գալ քեզ մոտ մի շատ կարևոր գործի համար։