Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չունի, բացի միայն այն բանից, որ սիրաշահե իր սիրտն իրենից ստացած հազար ռուբլու փոխարեն։ Շահյանն առանց այդ էլ գարշում էր, երբ մտածում էր, որ այդ գումարը տվել էր Բազենյանին այն բանի համար, որ նա Եվային զիջել էր իրեն. իսկ այժմ ավելի ևս գարշեց, տեսնելով, որ Բազենյանն էլ ուրիշ նպատակով չէր ընդունել այդ փողը և այժմ սոփեստություններով աշխատում էր ծածկել այդ նպատակը։

— Դու ինքդ էլ գիտես, որ... անմիտ բան ես խնդրում ինձնից,— ասաց նա, ուրիշ ավելի մեղմ բառ չգտնելով «անմիտ» բառի տեղ։— Ինչպե՞ս կարող եմ արգելել, որ Մարությանների տուն չգնաս։ Ուզում ես՝ գնա, ուզում ես՝ չէ։ Իսկ ինձ, խնդրում եմ, ազատ պահիր այս բանից։

Սառն եղանակով արտասանված այդ հատու խոսքերն, ըստ երևույթին, անսպասելի էին Բազենյանի համար, որովհետև նա շատ զարմացավ։

— Սպասիր, Լևոն։ Այդ ինչպե՞ս ես խոսում։ Չլինի՞ թե որևէ վիրավորական բան ասացի։ Հա՞։

— Վիրավորական ոչինչ չես ասել ինձ, միայն թե... ես չեմ հասկանում քեզ,— ասաց Շահյանր, աշխատելով խուսափել Բազենյանի սրաթափանց հայացքից և զգալով, որ պատրաստ է ճշմարտությունը նետելու նրա երեսին։

— Այսինքն ի՞նչ չես հասկանում։

— Օրինակ... առաջ իրավունք էիր խնդրում ինձնից, որ գնաս Մարությանների մոտ, իսկ հիմա խնդրում ես, որ արգելեմ... Ես չեմ հասկանում, թե ո՞րտեղից հանկարծ այդպիսի մի իշխանություն ձեռք բերի քեզ համար...

— Ինչ ասացի՞ր... իշխանությո՞ւն,— արագորեն հարցրեց Բազենյանը, կարծես կայծակնահար եղած այն մտքից, որ հանկարծ ծագեց իր գլխում։— Ա՜, ուրեմն այն փողը, որ երեկ գիշեր...

Նա ձեռքը պինդ խփեց ճակատին, մատներով հուպ տվեց քունքերը և, կարծես ներքին մի սուր ցավի խայթոցից, աչքերը փակեց։ Մի րոպե այդպես մնալուց հետո ձեռքը հանկարծ հեռացրեց ճակատից, շտապով ետ արեց սյուրտուկի կոճակները, ծոցի գրպանից հանեց նախորդ գիշերը Շահյանի տված ծրարը և հաստատուն ձեռքով դրեց նրա առաջ, սեղանի վրա։