Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նույն միջոցին Շահյանն առավ գլխարկը և դուրս փախավ սենյակից:

Երբ նա արդեն փողոցումն էր և քայլում էր սառած ձյունի վրա, նոր նկատեց, որ կրկնակոշիկները թողել է հյուրանոցում։ Բայց ուշադրություն չդարձրեց այդ բանին և շշմած շարունակ կրկնում էր մեքենայաբար. «Մի՞թե սխաչվեցի, մի՞թե սխալվեցի...»։ Այժմ չէր հիշում, թե ինչ ասաց իսկապես, որ Բազենյանն այնպիսի թափանցողությամբ հասկացավ իր ներքինը և ջախջախեց իրեն այնպիսի անողոք խստությամբ։ «Անկարելի է, որ այդ էլ դերասանություն լիներ»,— մտածում էր նա, մտապատկերելով փողի ծրարն այնպիսի համառությամբ վերադարձնելու տեսարանը։

17

Վերջին օրերը Եվան շատ անսիրտ և անկանոն կերպով էր պարապում ընկերուհիների հետ։ Մի-երկու անգամ նույնիսկ հիվանդ ձևացավ և չընդունեց նրանց։ Մինչդեռ գործին սկզբում կպել էր իր առաքինությանը հավատացող մոլեռանդ միսիոների եռանդով։ Անընդհատ զրույց ու ծիծաղ սիրող, մշտատև շարժունության ու աղմուկի պետք զգացող այդ աշխույժ, այդ անհանգիստ աղջիկն այժմ դարձել էր լռակյաց, մենակյաց, անհամբեր և ջղային։ Հոր սովորական կատակները նրան անտանելի էին թվում. իսկ երբ մայրը հոգացողությամբ հարցնում էր նրան, թե ինչ է պատահել, քիչ էր մնում լաց լիներ բարկությունից։ Ինչ-որ տենդային անհանգստություն էր տիրել նրան։ Տանը ոչ մի բանի վրա սիրտ չուներ. որևէ գործ կատարելիս ձգում էր կիսատ։ Աշխենին գրելիք մի նամակ մի երես չգրած՝ պատռեց դեն ձգեց։ Երեկոները նրա ականջը շարունակ դռան կողմն էր, և ամեն անգամ, երբ լսում էր դռան զանգի ձայնը, նրա սիրտը թրթռում էր ցնցողաբար։ Նրա մտքերը, հակալ-հակալ ընկած հավերի նման, թռչում էին առարկայից առարկա և ոչ մի բանի վրա չէին կարողանում կանգ առնել։

Չափից դուրս տպավորվող բնավորություն ունենալով, Եվայի վրա միշտ խոր ազդեցություն էր ունենում առհասարակ այն ամենը, ինչ որ այսպես թե այնպես, ավելի կամ պակաս