Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հերոսության կնիք էր կրում։ Իր հեռացած եղբորը պաշտում էր ոչ այնքան նրա համար, որ նրա քույրն էր, որքան նրա համար, որ Արմենակի մեջ հերոս էր տեսնում։ Եթե այնքան սիրում էր հորեղբոր աղջկան, պատկառում էր նրանից, այդ միայն նրա՛ համար, որ Աշխենը կամքի այնպիսի ուժ, հոգու ամրություն և կատարյալ անձնուրացություն էր ցույց տալիս։ Իր չափազանց վառ երևակայությամբ Եվան արտասովոր իրականին միշտ իդեալական գույն էր տալիս։ Ամեն ինչ, որ վեհ էր, կրկնակի մեծություն էր ստանում նրա աչքում։ Բավական էր մի չնչին տպավորություն, այնուհետև երևակայությունն իր գործն էր տեսնում. ինչպես սերմը պարարտ հողի մեջ, այդ տպավորությունն աճում, զարգանում էր նրա հոգու մեջ արագորեն և կլանում նրա ամբողջ էությունը։

Այդ պատճառով, ահա, նա զերծ չէր մնացել Բազենյանի զորեղ ազդեցությունից։ Այդ ազդեցության սաղմն ընկել էր նրա հոգու մեջ, անշուշտ, այն օրից, երբ Բազենյանն ազատեց նրա փոքրիկ եղբորը կառքի կատաղած ձիերի ոտների տակ ջարդվելուց, և այնուհետև աճել, զարգացել էր այն օրից, երբ ծանոթացավ այդ անվեհեր երիտասարդի հետ։ Առաջին անգամն էր, որ նրա կուսական սիրտն սկսել էր բաբախել սիրո քաղցրատենչ զգացումով։ Եվ թեպետ, ինչպես առհասարակ լինում է անդրանիկ սիրո գիտակցության առաջին օրերին, նա մի կողմից բնազդական անհասկանալի վախկոտությամբ ուզում էր չճանաչել այդ նոր զգացումը, կարծես այդ մի հանցանք լիներ,— այնուամենայնիվ, մյուս կողմից, երջանիկ ինքնամոռացությամբ, գողունի քաղցրությամբ շոյում, փայփայում էր իր հոգու խորքում այդ նոր զգացումը, կարծես անգին մի գյուտ լիներ այդ, որի կորուստն անտանելի վիշտ պիտի պատճառեր իրեն։

Եվ այդ վիշտը, ավելի՝ քան կարծում էր, զգաց նա, երբ Շահյանից անսպասելի կերպով տեղեկացավ, որ Բազենյանը շուտով մեկնելու է։ Գրեթե մի ամիս էր, որ չէր տեսել Բազենյանին, և այդ բանը առանց այն էլ մեծ կարոտ էր հարցուցել նրա մեջ. իսկ այժմ նրան թվաց, թե այլևս երբե՛ք տեսնելու չէ իր սիրած երիտասարդին։

Այդ գիշեր քնել չկարողացավ և իսկապես այդ օրվանից