Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվան հուսահատական մի շարժում գործեց և ձեռքով և սկսեց շփել ծնկները ջղաձգաբար։— Սպասեցեք,— ասաց նա, աշխատելով բռնի տիրապետել իրեն։— Մի՞թե դուք այլևս չեք հանդիպելու մեզ։

— Հազիվ թե կարողանամ, օրիորդ։

— Ուրեմն... Ուրեմն այս մեր վերջի՞ն տեսակցությունն է։

— Ես կարծում եմ։

Եվան այլևս չհասկացավ, թե ինչ է պատահում իրեն։ Նրա գլուխը կարծես պտտվում էր տենդով բռնվածի պես։ Մի բան ալեկոծում էր նրա ներսն ուժգնորեն և, կարծես, ուզում էր հանկարծ դուրս ժայթքել։ Սաստիկ անհանգիստ, վեր կացավ, նստեց մի ուրիշ աթոռի վրա, մեջքը լուսամուտի կողմն անելով, և սկսեց աջ ձեռքով պինդ շփել ծնկան վրա դրած ձախ ձեռքի երեսը։ Նրա դեմքն այժմ գտնվում էր ետևից ներս թափանցող լույսի հակառակ կողմը, կիսախավարի մեջ։ Մազերը սանրած էր դեպի վերև և հավաքած գագաթի վրա, որից արտաքուստ ավելի հասակավոր կնոջ էր նմանում, քան նորատի մի աղջկա։ Հրաշալի անբիծ սպիտակությամբ փայլում էր նրա երկայն վիզը, որ լիքը նստվածքով բարձրանում էր մոխրագույն հագուստի օձիքի միջից և այնտեղ, ուր մտնում էր մազերի մեջ, թուխ թավշի գույն ուներ։

— Իսկ այնտեղից... Ե՞րբ եք վերադառնալու,— հարցրեց նա, ահագին ջանք գործ դնելով, որ խոսքի թելը չկորցնի։

Բազենյանը ժպտաց։

— Դեռևս հարց է, օրիորդ, թե այլևս կվերադառնա՞մ արդյոք,— ասաց նա մելամաղձորեն։

— Ինչպե՞ս...

— Կրակի մեջ նետվողը կարո՞ղ է ասել, թե դուրս կգա այնտեղից ողջ և անվնաս...

Եվան ցնցվեց, և նրա հայացքը քարացավ Բազենյանի տխրորեն ժպտող աչքերի մեջ։

— Սպասեցեք... Ես ձեզ հասկանում եմ... Ուրեմն...

— Ուրեմն էլ ի՞նչ։ Նա, ով իր անձը նվիրում է այսպիսի մի գործի, չի կարող երաշխավորել իր վաղվա կյանքի համար,— վրա բերեց Բազենյանը շատ անփույթ կերպով, հետո հանկարծ վեր կացավ և ջղուտ քայլերով սկսեց անցուդարձ անել փափուկ գորգերի վրա։— Բայց մի բան ինձ սաստիկ