Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կյանքիս մեջ ես միայն մի անգամ եմ մահ տեսել,— ասաց Եվան։— Բայց այդ մի անգամն էլ բավական էր, որ զգայի մահվան պատճառած բոլոր սարսափն ու վիշտը։ Մեռնողն իմ ընկերուհին էր։ Նա չափազանց լավ աղջիկ էր։ Չեմ կարծում, թե հարազատ քրոջս այնքան սիրեի, որքան նրան էի սիրում։ Նա էլ ինձ համար հոգին չէր խնայիլ։ Ամեն օր իրար տեսնելը մի կատարյալ պահանջ էր դարձել մեզ համար։ Երևակայեցեք, որ նրա հիվանդ ժամանակ գիշերներն անգամ չէի հեռանում նրանից։ Իսկ նա միշտ այն էր ասում, որ եթե մահից ազատվելու լինի, կազատվի միմիայն իմ սիրո զորությամբ։ Բայց սերս չկարողացավ փրկել նրան։ Որ մեռավ, հիվանդացա վշտից։ Թաղման օրը քիչ էր մնում, որ մայրս փակի ինձ տանը: Բայց, իհարկե, ես դարձյալ գնացի։ Դագաղը տանում էին ընկերուհիները — բոլորն ինձ հասակակից աղջիկներ։ Այն ժամանակ ես տասներեք տարեկան էի։ Այս րոպեին էլ, կարծես, տեսնում եմ նրան դագաղի մեջ, թարմ ծաղիկներով զարդարված, գլուխը ձախ ուսի վրա ծռված, ծնոտը սպիտակ թաշկինակով կապված։ Այդ առաջին անգամն էր, որ աչքովս տեսնում և ականջովս լսում էի, թե ինչպես են թաղում մեռելը։ Տե՛ր իմ աստված, ի՜նչ զարհուրելի գռգռոց, ի՜նչ սարսափելի փոշի... Մի՞թե կարելի է այդպես անխիղճ և անտարբեր կերպով քարերի ու հողի տակ ջարդել մի արարած, որ երբեմն մեզ պես շնչել, զգացել, մտածել է... մարդիկ գազանացած էին թվում ինձ այդ րոպեին։ Ես ուշաթափվեցի, բայց ոչ թե վշտից, ոչ թե այն գիտակցությունից, որ այլևս երբե՛ք, երբեք չպիտի տեսնեի իմ սիրելի ընկերուհուն, այլ — սարսափից, այո՛, միմիայն սարսափից, ա՛յն սարսափից, որ ինձ էլ մի ժամանակ... Ո՛չ, ո՛չ, այս մասին չեմ ուզում մտածել։ Այս սարսափելի է, սարսափելի... Գիտե՞ք՝ ես ինչ եմ մտածում, պարոն Շահյան, շատ լավ բան է, որ հայերիս մեջ կանանց համար սովորություն չկա թաղման ժամանակ գերեզմանատուն գնալու։ Երկաթի ականջ և ջղեր են պետք այդ գռգռոցի ձայներին դիմանալու համար։

— Իսկ ինձ թվում է, թե այդ վատ սովորություն է։ Կանայքդ թույլ, վախկոտ և ջղային եք հենց նրա համար, որ չեք վարժեցնում ձեզ այդպիսի սարսափների։