Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի լավ չէ՞ր, որ միանգամից վերջ դներ իր անտանելի դրությանը։ Եվ Եվան հանկարծ հուսահատական մի քաջություն զգաց իր մեջ, այնպես, որ երբ հայրը նորից առաջարկեց, որ միասին գնան Բազենյանի մոտ, նա համաձայնեց։

«Միանգամից, միանգամից... ինչի՞ց եմ վախենում...»,— մտածում էր նա, երբ հոր հետ անցնում էր սառած ձյունով ծածկված փողոցներով։

Նոր երեկոյանում էր։ Ձմեռային կարճատև օրվա անզոր արևը դժգույն երկնքի վրա արդեն բոլորովին թեքվել էր դեպի արևմուտք և անփայլ, թառամած ճառագայթներով ներկում էր բարձր շենքերի կտուրներն ու տերևաթափ ծառերի կատարները։ Օդը շարժվում էր անախորժ սառնությամբ։ Ցուրտը կրծում էր մարդու ականջներն ու քիթը։

— Ուզո՞ւմ ես սահնակ նստենք, Եվա,— հարցրեց հայրը։

— Ոչ, ոտով ավելի լավ է,— ասաց Եվան, չնայելով, որ եղանակը սաստիկ անախորժ էր թվում նրան։ Նրա ծնոտները թեթև դողդողում էին։

— Գրազ կգամ, որ Բազենյանը դեռ այստեղ է,— բացականչեց Մարությանը, երկար տեղ լուռ քայլելուց հետո։— Առանց ինձ տեսնելու անկարելի է, որ գնար։

Եվան ոչինչ չպատասխանեց։ Հիրավի, եթե Բազենյանն իսկապես դեռ գնացած չլիներ և այդ րոպեին էլ տանը լիներ, ինչպե՞ս պիտի հանդիպեր նրան, ի՞նչ երեսով պիտի ներկայանար նրան։ Եվան նոր մտածեց այդ մասին և զգաց, որ այդ հանդիպումը չափազանց ծանր պիտի լիներ իր համար։ Մի րոպե նա կանգ առավ սաստիկ տատանման մեջ և ուզեց հորն ասել, որ ուզում է տուն դառնալ, բայց ոչինչ չասաց և հոր հետ շարունակեց ճանապարհը։ «Ավելի լավ,— մտածեց նա.— կհասկանա, որ ես զղջացել եմ վարմունքիս համար, և այլևս չի նեղանալ ինձնից»։

Հիրավի, երբ հայր ու աղջիկ հասան «Լոնդոն» հյուրանոց, և Մարությանը դռնապանին հարցրեց, թե Բազենյանն արդեն հեռացե՞լ է Թիֆլիսից, դռնապանը պատասխանեց, որ Բազենյանը դեռևս բնակվում է հյուրանոցում, բայց այդ րոպեին տանը չէ։