Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասաց Բազենյանը և սկսեց քրքրել գրպանները։— Ո՞րտեղ դրի... Ահա գտա։

Նա հանեց նույնչափ ծալված մի ուրիշ թերթ, ձգեց սեղանի վրա և նստեց։

— Ուրեմն, առանց մեզ այցելելու էլ պիտի գնայիք,— դարձավ առաջվա խոսակցությանը Մարությանը։

— Մի՞թե այդ կարելի էր, երբ խոսք էի տվել, որ ձեր հանձնարարությունը պիտի կատարեմ ամենայն պատրաստակամությամբ,— ասաց Բազենյանը։— Ձեզ մոտ պիտի գայի այս երեկո, բայց դուք կանխել եք և ինքներդ եք եկել ինձ մոտ, որով մեծ պատիվ եք արել ինձ։

— Մենք, դժբախտաբար, ոչ ոքի պատվել չգիտենք, բացի նեղություն տալուց,— վրա բերեց Մարությանը բարեսիրտ կատակով։— Ահա այս այն նամակը, որ պիտի հանձնեի ձեզ։ Այս էլ, ահա, այն գումարը, որ խոստացել էի նվիրաբերել ձեր և մեր ամենիս սիրած գործին...

Եվ Մարությանը նամակի ծրարի հետ սեղանի վրա դրեց մի ուրիշ հաստ ծրար։

Զարմանալի ներգործություն ունեցավ այդ հաստ ծրարը Բազենյանի վրա։ Մինչև այժմ նա իրեն պահում էր բավական զգաստ և, եթե ծանր շնչառությունն ու բերնից փչող գինու անտանելի հոտը չլիներ, դժվար կարելի էր իմանալ, թե նա խմած է։ Բայց այժմ, սեղանի վրա տեսնելով փողի հաստ ծրարը, նրա աչքերը վառվեցին տարօրինակ կրակով, և այդ կրակը, կարծես, հանկարծ լուսավորեց նրա ներսը մի մութ աշխարհ...

Եվան նայեց նրա աչքերին և աթոռն ակամա մոտ քաշեց հորը։ Նրան թվաց, թե իր առաջ նորից տեսնում է այն Բազենյանին, որին տեսավ իրենց վերջին տեսակցության վերջին րոպեին։ Նա շրջեց դեմքը, որպեսզի չտեսնի Բազենյանի աչքերը։ Այդ սևաթույր ու կրակոտ աչքերը, որոնք զարմանալի ընդունակություն ունեին վայրկենաբար ամենածայրահեղ հակադիր զգացումներ արտահայտելու, փոփոխի, շատ օտարոտի տպավորություն էին թողնում Եվայի վրա. դրանք թե գրավում էին նրան վերին աստիճանի և թե սարսափեցնում։ Այդ աչքերը պարզապես տանջում էին Եվային, մանավանդ այն ժամանակ, երբ Բազենյանը