Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայում էր նրան լուռ ու անթարթ, հիպնոսահարողի պես։

Փողի հաստ ծրարը տեսնելուց հետո Բազենյանն այլևս չկարողացավ զսպել իր մեջ գինու եռացող շոգու ուժը, և այդ ուժն այժմ, ազատ զգալով իրեն, սկսեց դուրս ժայթքել մի երկար շարք ճռճռան ֆրազների մեջ հայրենիքի աղետների մասին... Երբեք Բազենյանը չէր խոսել այնպես ազատ, համարձակ և ոգևորված, ինչպես այժմ, թեև նրա ձայնը հետզհետե ավելի ու ավելի խանձվում էր, այնպես որ երբեմն ինչ-որ անորոշ խռպոտ հնչյուններ էին լսվում միայն։ Նրա դեմքը կարմրել էր, աչքերը պլպլում էին անմիտ, անախորժ փայլով և նրանց տակը ծածկել էին քրտինքի մանրիկ կաթիլներ։ Այն հանգամանքից, որ իր երկար ճառախոսության ժամանակ Մարությանն ու Եվան լռել էին ակամա և լսում էին նրան, նա, ըստ երևույթին, կարծում էր, թե կատարելապես տիրել է նրանց ուշադրությանն ու զգացումներին, ուստի ավելի ևս ազատություն էր տալիս իր խոսքերին, թեև այլևս հաշիվ չէր տալիս իրեն, թե ինչ է ասում...

Այնինչ հայր ու աղջիկ, ապուշ-ապուշ նայելով նրա այլանդակված դեմքին, այդ ժամանակ ճնշվում էին միևնույն անախորժ զգացման տակ։ Այդ այն զգացումն էր, որ պաշարում է լուրջ մարդկանց, երբ նրանք ստիպված են լինում լսել արբած մարդու անկապ, համառ շատախոսությունը, օդի մեջ շնչել նրա բերնից արտադրվող գինու անտանելի քացախած հոտը, և, շարունակ լռելով, ա՛յն են մտածում միայն, թե ինչպես անեն, որ հեռանան նրանից, հեռանան այնպես, որ նա չհասկանա (արբած մարդիկ խիստ կասկածոտ են լինում), թե իրենք փախչում են նրանից։

Երբ Բազենյանը, կարծես հոգնելով, փոքր-ինչ խաղաղեց, Մարությանը շտապեց վեր կենալ։ Նրա հետ վեր կացավ և Եվան, որին հասկանալի և անդիմադրելի մի նոր զգացում թելադրում էր շուտով դուրս փախչել այդտեղից դեպի ազատ օդ։

— Շատ ցավում եմ, պարոն Բազենյան, որ մենք երկար չպիտի կարողանանք մնալ ձեզ մոտ,— ասաց (Բարությանը և, որպեսզի նա չկարծի, թե իրենք փախչում են