Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եվ միայն նամա՞կ հանձնեցիք,— հարցրեց օր. Սահակյանը։

Մարությանը այլևս քաջություն չունեցավ ծածկելու։

— Փող էլ,— ասաց նա։

— Այսինքն ի՞նչ փող. Արմենակին տանելո՞ւ, թե...

—Ոչ, իբրև նվիրաբերություն...

— Սուրբ գործի օգտին,— լրացրեց օր. Սահակյանը, և նրա ծիծաղը սաստկացավ։ Նա ծիծաղում էր երկար, և նրա ամբողջ մարմինն ուժգին ցնցվում էր այդ տարօրինակ ծիծաղից։ Բայց հանկարծ զսպեց իրեն, իր ուժեղ ձեռքով արագորեն բռնեց Մարությանի թևից և անհանգիստ մի շարժում արեց, որով ուզում էր հասկացնել, որ նա իսկույն ետ դառնա։

— Այս րոպեիս գնացեք և ետ առեք նամակն էլ, փողն էլ,— ասաց նա շատ լուրջ և հաստատուն ձայնով։— Շտապեցե՛ք, մի նայեք ինձ այդպես զարմացած... Դե, գնացե՛ք շուտով, ձեզ ասում եմ,— աղաղակեց ուղղակի հրամայողաբար, տեսնելով, որ Մարությանն ապուշ կտրված միայն նայում է իր դեմքին։

Մարությանը պարզապես վիրավորվեց նրա այդ վարմունքից։

— Սպասեցեք,— ասաց նա և թևը կամաց խլեց օր. Սահակյանի ձեռքից։— Ի՞նչ եք ասում, չեմ հասկանում։

— Ա՛յն եմ ասում, պարոն Մարության, որ դուք սրիկայի ձեռք եք ընկել, և նա փառավորապես խաբել է ձեզ, ինչպես խաբել է ձեզ նման շատերին։ Այժմ հասկացա՞ք։ Դե, գնացեք շուտով, այս րոպեիս գնացեք, թե չէ՝ ձեր փողերը կորած են... Տե՛ր աստված, ի՜նչ տեսակ մարդ եք։ Մի՞թե չեք հավատում ինձ։

— Իհարկե, չեմ հավատում,— աղաղակեց Մարությանը գրեթե կոպտաբար։— Ի՞նչպես թե սրիկա, ի՞նչ եք ասում։ Նրա մասին բան գիտեք, այնպես եք խոսո՞ւմ, թե հենց այնպես, որովհետև... Նրա քիթը դուր չի եկել ձեզ։

— Իհարկե, բան գիտեմ, որ այդպես եմ խոսում, թե չէ՝ ես ի՞նչ գործ ունիմ նրա քթի հետ։

— Ի՞նչ գիտեք։

— Ա՛յն գիտեմ, պարոն Մարության, որ նա Հայաստանի մասին այնքան է մտածում ու հոգում, որքան ես ու դուք —