Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ ինչպես վատ մարդիկ էլ են ստեղծում։ Մեր այժմյան ժամանակը ստեղծել է ձեր որդուն — Արմենակին, բայց և ստեղծել է Բազենյանին։ Գուցե, Ժամանակն ու հանգամանքները շատ ժլատ են ձեր որդու նմաններին ստեղծելում, բայց երևում է, որ շատ շռայլ են բազենյաններ արտադրելում։ Մի րոպե թողեք տղամարդուն ոչ-վայել ձեր այդ պարզամտությունն ու դյուրահավատությունը, իրերի վրա նայեցեք առողջ, քննական հայացքով, և կտեսնեք, թե ովքեր են բազենյանները. կտեսնեք, որ այդ գարշելիները ոչ այլ ինչ են, եթե ոչ պարզապես մեր այժմյան կյանքի նշանավոր երևույթների զազրելի վիժմունքը: Դրանք ծույլ և անբարոյական արարածներ են, որոնք լավ ապրել են ուզում։ Ազնիվ գործը, չարքաշ աշխատանքն անմատչելի է դրանց։ Դրանք փող աշխատելու դյուրին ասպարեզ են հոտոտում, և ահա պատրաստ է մեր ներկա ժամանակի հասարակական նվիրական զգացումների շահագործության ասպարեզը,— մի ասպարեզ, ուր, ինչպես ասում են, շունը տիրոջը չի ճանաչում։ Խավարի ծնունդ լինելով, խավարի մեջ էլ գործում են դրանք։ Զգացողներ և ձգտումներ կեղծելու բնատուր ճարպկությունը դրանց ամենամեծ զենքն է։ Այդ զենքով զինված թափառում են քաղաքից քաղաք, երկրից երկիր և ձեզ նման միամիտ հավատացողների գրպանից փողեր են կորզում։ Սուրբ գործի անունով հավաքած այդ փողերը ցրում են անձնական զազրելի կրքերի, ապականության ճանապարհի վրա։ Հասարակական ամենանվիրական գործն այդպիսով պատվանդան են դարձրել ցոփության հաղթանակի համար։ Սուրբ գործի այդ պարազիտները բախտավոր են նրանով, որ խառնաշփոթությունն ընդհանուր է և այդ խառնաշփոթության մեջ ոչ իսկական գործիչն է երևում, ոչ իսկական կորզիչը։ Այդ պատճառով էլ հաղթանակում են խավարի ծնունդները, իսկ մեծ գործը կործանվում է...

Մարությանի և Եվայի մեջտեղ ծանր քայլելով, օր. Սահակյանը խոսում էր ազնիվ բարկությամբ վառված։

— Շատ ճիշտ է, շատ ճիշտ է,— մեջ ընդ մեջ արտասանում էր Մարությանը դառն մտախոհությամբ։