— Այսպես թե այնպես, վերջապես,— ասաց օր. Սահակյանը։— Պարոն Մարության, ցտեսություն, ես այս կողմն եմ գնում։ Հավատցնում եմ ձեզ, լավ կանեիք, որ ձեր փողերը մի կերպ ետ առնեիք, և ավելի լավ կանեիք, որ այդ փողերն ուղարկեիք Աշխենին իրենց աղքատ ուսումնարանի համար գործադրելու։ Բայց այդ դուք գիտեք։ Ցտեսություն։ Ցտեսություն, Եվա։ Այդ ի՞նչ է, մրսո՞ւմ ես,— հարցրեց նա զարմանալով Եվայի դեմքի տարօրինակ գունատությունից։
Եվան հազիվ նկատելի կերպով շփոթվեց նրա թափանցող հայացքից։
— Այո, ցուրտ է,— կամաց արտասանեց նա և ավելացրեց։— Այս քանի օրս մի քիչ տկար եմ զգում ինձ։
— Որ այդպես է, ինչո՞ւ էիր այս սառնամանիքին դուրս գալիս տնից։ Հիշո՞ւմ ես, Եվա, որ ձեր տանը Բազենյանի հետ վիճաբանության բռնվելուցս հետո, երբ գնում էի, նախասենյակում հարցրիր ինձ, թե ինչո՞ւ էի այնպես հարձակվում նրա վրա, և մինչև անգամ ասացիր, թե նրա մեջ մի գիծ կա, որ զարմանալի կերպով հիշեցնում է քեզ եղբորդ։ Այժմ գնա տուն և լավ մտածիր, թե բնազդը խաբո՞ւմ էր ինձ, որ այնպես հարձակվում էի նրա վրա, և կա՞ արդյոք որևէ նման գիծ եղբորդ և այդ խաբեբայի միջև... Է՜, մարդիկ, մարդիկ, ինչպես հեշտ եք խաբվում։ Բայց — այսպես, թե այնպես, վերջապես։ Այս իմ սովորական երգն է, որ կրկնում եմ միշտ, երբ տեսնում եմ, որ բանը բանից անցած է արդեն։ Դե՛հ, գնացեք, ցտեսություն։
Աղջկա հետ որ տուն գնաց, Մարությանը պատմեց կնոջը, թե ով է եղել Բազենյանը և թե ինչպիսի խաբեբայության զոհ են դարձել իրենք նրա ձեռքին։ Այդ բանն այնքան անսպասելի էր Թեկլեի համար, այնքան ապշեց նա, որ երկար ժամանակ չէր կարողանում լավ ըմբռնել, թե ինչ է ասում ամուսինը։ Դրան նպաստում էր այն հանգամանքը, որ ամուսինը, սաստիկ գրգռված, պատմում էր կցկտուր բառերով, կարծես աշխատում էր շուտ վերջացնել այդ ծանր բացատրությունը։ Կինն իր չհասկանալովն այնքան