Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տրտնջում եմ, որովհետև շատ ուշ-ուշ է նամակ գրում. ամիսն ընդամենը երեք-չորս անգամ:

— Եվ այդ շա՞տ ուշ-ուշ է։

— Իսկ ես իմ մասշտաբով գիտե՞ք քանի անգամ եմ գրում.— գրեթե ամեն օր։

— Ամեն օ՜ր... իսկ նյո՞ւթ։

— Նյո՞ւթ... Մի՞թե ամբողջ աշխարհը լիքը նյութ չէ։ Սակայն ի՞նչ հարկավոր է ամբողջ աշխարհը. իմ ներքին աշխարհն էլ բավական է։ Ես չափազանց հետաքրքիր և չափազանց տպավորվող եմ։ Այդ բանն օգնում է ինձ միշտ նոր բան գրելու եղբորս։ Ա՜խ, ինչպե՜ս կուզեի իմանալ, թե այս րոպեիս ինչ է անում նա այնտեղ։

Եվան, մի ձեռքով գրկած փոքրիկ եղբորը, գլուխը կամաց կպցրեց նրա գլխին և կարճ ժամանակ տխուր մտախոհության մեջ ընկավ։ Հետո հանկարծ գլուխը հեռացրեց եղբոր գլխից և նայեց Շահյանին։

— Գիտե՞ք, պարոն Շահյան, երբեմն ինչ եմ մտածում։ Այս բանն առավելապես պատահում է այն ժամանակ, երբ նրան նամակ եմ գրում, որովհետև նամակ գրելիս ամենից ավելի եմ կարոտում նրան։ Ի՞նչ կլինի, մտածում եմ, երբ ետ նայեմ և տեսնեմ, որ նա կանգնած է ետևս և ժպտալով նայում է ինձ... Այդ միտքն երբեմն այնպես պաշարում է ինձ, որ մինչև անգամ վախենում եմ ետ նայել...

Կառքերը գռգռալով առաջ էին վազում. նրանց լապտերների ցնցվող լույսն այս ու այն կողմից լուսավորում էր անձրևի ջրերով ծածկված խորդուբորդ սալահատակը։ Եվան խոսում էր առանց մի րոպե դադար առնելու, և Շահյանին զարմացնում էր այն հանգամանքը, թե որպիսի դյուրությամբ նա անցնում էր մի նյութից մյուսը։

— Սուրե՛ն, Սուրե՛ն, ա՛յ մեր փողոցը... Ահա և մեր տունը,— բացականչեց Եվան, երեխայի պես ուրախացած։— Պարոն Շահյան, տեսնո՞ւմ եք այն լապտերը, այն դուռը լապտերի առաջ. այն է մեր տունը... լուսամուտներում որ ճրագ չկա... վերին հարկում։ Տեսնո՞ւմ եք։

Կառքերը կանգ առան Մարությանների տան առաջ, փողոցի լապտերի տակ։ Շահյանն իջավ կառքից և նախ իջեցրեց Սուրենին, հետո, ձեռքը տալով Եվային, օգնեց նրան իջնելու։ Մարությանները