Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղբոր վիճակի վասին, մոր խոսքերի ազդեցության տակ: Հիրավի, ի՞նչ է պատահել Արմենակին. ինչո՞ւ այսքան ժամանակ ոչ մի տեղեկություն չի տալիս իր մասին. ժամանակ չունի՞ արդյոք նամակ գրելու, թե հիվանդ է։ Եվ, առհասարակ, ի՞նչ է կատարվում արդյոք այնտեղ։

Եվան հանկարծ հիշեց Բազենյանից առած հեղափոխական թերթը։ Եվ հիշելուն պես վեր կացավ, անցավ իր սենյակը և վերարկուի գրպանից հանեց թերթը։ Ձեռքը թերթին կպչելուն պես նրան թվաց, թե քթին դիպավ ճիշտ միևնույն անտանելի քացախած հոտը, որ փչում էր Բազենյանի բերնից երեկ երեկո հյուրանոցում նրան այցելած ժամանակ։ Այդ հոտի հետ միասին Եվայի մեջ մի ակնթարթում վերարտադրվեց Բազենյանի պատկերն իր բարոյական բոլոր տգեղությամբ, այնպես, ինչպես ներկայացրել էր նրան օր. Սահակյանը։ Եվ Եվան, որ մինչև այժմ այնքան հանգիստ էր, հանկարծ գրգռվեց այնպիսի մի անզուսպ գարշանքով, որ քիչ մնաց թերթն ուղղակի շպրտի վառարանի մեջ ճրթճրթացող կրակը։ Սակայն զսպեց իրեն, և հիվանդոտ, դառն ժպիտը նորից ծամածռեց նրա գեղեցիկ դեմքը։ «Ինչո՞ւ,— մտածեց նա։— Մեղավո՞ր է այս խեղճ լրագիրը, որ նա իր բազմաթիվ զենքերից մեկն է շինել՝ միամիտներին խաբելու համար»։ Առաջվա հանդարտությամբ վերադարձավ ծնողների մոտ, նստեց լուսամուտի առաջ և սկսեց թերթել լրագիրը։

Նախ կարդաց մանր լուրերը, ուր մի առ մի հիշատակվում էին զանազան տեղերից ստացված նվերները, հայտնվում էին տեռորի ենթարկված մի քանի մատնիչների անուններ, հաղորդվում էին հալածանքի և բռնության նորանոր դեպքեր։ Այդ լուրերի շարքում Եվան սկզբում զարմացած, հետո անհուն գոհունակությամբ կարդաց մի լուր, ուր մերկացվում էր Բազենյանի իսկական անձնավորությունը։ Կուսակցության օրգանը, բացեիբաց մերժելով Բազենյանի մասնակցությունն այն գործին, որի անունով փողեր է հավաքում, հասարակությանը զգուշացնում էր այդ «խաչագողից» և «սուրբ գործի պարազիտից»։ Քիլ մնաց, որ Եվան վեր թռչեր ուրախությունից և այդ հայտարարությունը բարձրաձայն կարդար ծնողների առաջ, բայց խելացի համարեց առժամանակ պահել այդ բանը, մինչև որ հայրն ու մայրը բոլորովին