Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ


1

Շահյանը ճաշը նոր վերջացրել և, ըստ սովորականին, պառկել էր, որ քնի, մեկ էլ վերմակի տակից լսեց, որ դուռը բացվեց զգուշորեն։

— Լևո՛ն,— լսեց նա մոր ձայնը։

Այդ ձայնը տարօրինակ շշնջյունով և խիստ խորհրդավոր հնչեց նրա ականջին։ Վերմակը արագ ետ քաշեց դեմքից և հարցական հայացքով լուռ նայեց մոր աչքերին։

— Ինչ-որ կին է եկել, քեզ է ուզում տեսնել։

— Կի՞ն... ի՞նչ կին,— զարմացավ Շահյանը։

— Չգիտեմ։

Շահյանը դեն շպրտեց վերմակը և նստեց։ Ինչքան էլ որ նա հետաքրքրությամբ հարցուփորձ արեց, այնուամենայնիվ մոր պատասխաններից չկարողացավ իմանալ, թե ով կարող էր լինել իրեն տեսնել կամեցող կինը։ Շահյանի մայրն ինքն անձամբ չէր տեսել այդ կնոջը, այլ ասում էր այն, ինչ որ ասել էր իրեն նրան ներս հրավիրող ծառան։ Շահյանի հետաքրքրությունը խիստ լարվեց մանավանդ այն ժամանակ, երբ իմացավ, որ այցելու կինը չափազանց կարևոր գործ ունի իր հետ և անպատճառ ուզում է տեսնել իրեն։ Այդպիսի անծանոթ մի հյուրի այցելություն այնպիսի եզակի երևույթ էր նրա փակ կյանքի մեջ, որ մինչև անգամ իր ծուլությանը հատուկ դժգոհություն չզգաց նա, երբ տեսավ, որ ստիպված է խանգարել իր սովորական հանգիստը։

Իսկույն վեր կացավ, կարելույն լափ շտապով լվացվեց, հագնվեց, մազերը սանրեց, շտկվեց, թաշկինակով սրբեց