Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ակնոցի ապակիները, դրեց աչքերին և սրտի թեթև դողոցով դիմեց դեպի հյուրասենյակ, ուր ծառան ներս էր հրավիրել այցելու կնոջը։

Հյուրասենյակում սպասող այցելուն պանի Զդանևիչն էր։ Նախասենյակում նա չէր հանել իր երկայն ու լայն վերարկուն, որի սպիտակ մորթուց կարված օձիքի երկայն ու գանգուր մազերն օձապտույտ իջնում էին ուսերից։ Գլխին փաթաթած էր նուրբ գործվածքի մետաքսյա սև շալ, որի տակ նրա խիստ հարուստ մազերը, ծոծրակի վրա հավաքված, սար էին կազմել։ Շահյանին սպասելով ետ ու առաջ էր քայլում հյուրասենյակի երկարությամբ փռված գորգի վրա, և նրա երկայն վերարկուի փոքր-ինչ ցեխոտ փեշերն ետևից քարշ էին գալիս գետնին։

Այն հանգամանքը, որ այցելուն պանի Զդանևիչն էր, այնքան անակնկալ էր Շահյանի համար, որ հյուրասենյակը մտնելուն պես ապշած կանգ առավ ակամա, մոռանալով հյուրասիրության ամենատարրական պայմաններն անգամ։

— Տեսնում եմ, որ չէիք սպասում, թե ե՛ս կարող եմ լինել,— խոսեց պանի Զդաևևիչն, արագ մոտենալով և մեկնելով նրան իր ձեռքը, որի վրա ձեռնոց չուներ։— Ներեցե՛ք, խնդրում եմ. տեսնում եմ, որ ձեզ խիստ անժամանակ եմ անհանգստացրել։

Շահյանը խիստ շփոթված, բայց պինդ սեղմեց նրա տաք ձեռքը և արագ շարժումներով, անկապ բառերով խնդրեց, որ նստի։

Պանի Զդանևիչը նստեց Շահյանի առաջարկած բազկաթոռի վրա, նախապես վերցնելով վերարկուն ու գլխի ծածկոցը։ Շահյանը ծառայություն մատուցանելու նախապատրաստ մարդու արագությամբ առավ նրա ձեռքից վերարկուն, որը զարմանալի թեթև թվաց, տարավ դրեց աթոռներից մեկի վրա և նույն արագությամբ մի աթոռ առնելով, մոտ բերեց, բայց չնստեց։ Նոր զգաց, որ հյուրասենյակում բավական ցուրտ էր, որովհետև երկար ժամանակից ի վեր վառարան չէր վառվել այդտեղ, ուստի պանի Զդանևիչին հրավիրեց իր առանձնասենյակը, որտեղ վառարանն ամեն օր վառվում էր։ Բավական կոկիկ կահավորված և զարդարված տաք առանձնասենյակում պանի Զդանևիչին բազմեցրեց մութաքաներով