Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ասեղնագործ թավշյա բարձիկներով զարդարված փոքրիկ բազմոցի վրա, իսկ ինքը դարձյալ մի աթոռ առավ, մոտ բերեց, բայց դարձյալ չնստեց։ Այժմ նա այնքան տիրապետում էր իրեն, որ կարողացավ, թեև անշնորհք կերպով, իր «անչափ ուրախությունը» հայտնել պանի Զդանևիչի անսպասելի այցելության համար։

— Անսպասելի ոչ թե միայն ձեզ, այլև ինձ համար, պարոն Շահյան,— վրա բերեց պանի Զդանևիչը և նայեց նրա ակնոցներին խիստ տխուր ժպիտով։— Այս իմ առաջին այցելությունն է, որ երևի և վերջինը կլինի։

— Դուք գնո՞ւմ եք։

Պանի Զդանևիչը ծանր թառանչ արձակեց։

— Այո՛, պարոն Շահյան, ես հեռանում եմ,— ծանր հանդիսավոր ձայնով արտասանեց նա, իր հանգիստ դառնությամբ լի աչքերը չհեռացնելով Շահյանի ակնոցից։— Հեռանում եմ ամեն կերպ ստորացած, ամեն կերպ անարգված, ամեն կերպ... խայտառակված։

Նրա լայն բացած աչքերի կոպերը և լիքը կզակը դողդողացին։ Նա շրթունքները պինդ սեղմեց իրար այն մարդու նման, որի սիրտը հանկարծ լցվում է։ Այնուհետև, առանց շտապելու, հանեց թաշկինակը և սկսեց ծայրով սրբել արտասվակալած աչքերը։

Շահյանը չափազանց հետաքրքրվեց։ Նա նոր էր տեսնում, որ պանի Զդանևիչի մեջ մեծ փոփոխություն էր կատարվել։ Արտաքինով այդ կինը նույնն էր,— նույն հսկա, «սարսափելի» գեղեցիկ և վեհանձն կինը.— բայց նրա խորհրդավոր խոսքերը, նրա ճնշված ձայնը, հուսահատական հայացքը, վերջապես այդ արտասուքը... ի՞նչ էին նշանակում դրանք... Շահյանը կամաց նստեց աթոռի վրա և գրեթե շշնջալով, կարծես վախենալով, հարցրեց.

— Պանի Զդանևիչ, ի՞նչ է պատահել։

Պանի Զդանևիչը թաշկինակը հեռացրեց աչքերից։

— Մի՞թե, հիրավի, դուք ոչինչ չգիտեք,— հարցրեց նա արագախոսությամբ։— Մի՞թե գոնե չեք կասկածել...

— Ի՞նչ։

Պանի Զդանևիչը կարճ ժամանակ զարմացած նայեց Շահյանի աչքերին։ Մի տեսակ մանկական վախկոտ ապշություն