Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնավորության մասին, այժմ միանգամից, թեև ոչ բոլորովին, կարծես գլխի ընկավ, թե ի՞նչ էին նշանակում պանի Զդանևիչի կցկտուր խոսքերը, նրա հուսահատական հեկեկանքը...

Մինչդեռ Շահյանն, այդ հայտնագործությունից ապշած, խոսք չէր գտնում ասելու, պանի Զդանևիչը, թաշկինակն աչքերին սեղմած, շարունակում էր զսպած կերպով հեծկլտալ, որից նրա հսկայական մարմինը ցնցվում էր ամբողջապես:

Հանկարծ վերին աստիճանի անկեղծ և հարգական-կարեկցական մի զգացում շարժեց Շահյանի սիրտն այն աստիճան, որ նա մոռացավ իր բնածին ամոթխած անվստահությունը և, մեքենայաբար վեր կենալով, մոտեցավ պանի Զդանևիչին։

— Պանի Զդանևիչ,— շշնջաց նա։— Հանգստացեք, խնդրում եմ։

Պանի Զդանևիչը հանկարծ դադարեց հեծկլտալուց, արագ վեր կացավ տեղից և հուսահատական աղերսանքով առավ նրա ձեռքը։

— Պարո՛ն Շահյան, սիրելի՛ բարեկամ,— արտասանեց նա, արտասուքը կուլ տալով:— Աններելի անմտությունս է, թե ճակատագիրս, ձգել է ինձ այս օտար, այս անծանոթ քաղաքը, ուր բացի ձեզնից, ոչ մի բարեկամ չեմ ճանաչում, չունիմ։ Եվ ահա ես եկել եմ ձեզ մոտ, իբր մի մարդու մոտ, որը, հավատացած եմ, կհասկանա ինձ, կմտնի դրությունս, չի դատապարտիլ ինձ և... չի խնայիլ իր օգնությունը։ Ինձ չափազանց հեռու կտանի, եթե պատմեմ ձեզ, թե ի՛նչն է ստիպել ինձ, որ եկել եմ ձեր դուռը։ Բավական է ասեմ, որ ձեր ընկերոջ՝ Բազենյանի շնորհիվ ես այժմ զրկված եմ միանգամայն ոչ թե միայն իմ դիրքից, իմ անունից, իմ պատվից, այլև իմ ամբողջ կարողությունից... Նա բերեց ինձ այստեղ, ձգեց մենակ ու անօգնական և... փախավ։ Փախավ ամենաանարգ կերպով, փախավ թաքուն, գողի նման... Եվ, ահա, ստիպված եկել եմ ձեզ մոտ... Ուզում եմ վերադառնալ... միջոց չունիմ, որովհետև կողոպտված եմ... Եթե դուք... Ես պատրաստ եմ մուրհակ... տոկոս տալ...

Շահյանը կամաց ազատեց իր ձեռքը ցնցողաբար սեղմող ձեռքի միջից։