Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Որքա՞ն կկամենայիք,— հարցրեց նա հանգիստ, լուրջ ձայնով։

— Այսպես... մի երկու հարյուր... ավելի չէ։ Ես պատրաստ եմ...

Շահյանը ձեռքի շարժումով հասկացրեց նրան, որ հարկավոր չէ այդ մասին խոսել, արագ մոտեցավ գրասեղանին, դուրս քաշեց գզրոցներից մեկը և միջից հանեց մի կույտ թղթադրամ։ Այդ իր կալվածների ամսական վարձագնի մի մասն էր, որ Ստեփանը՝ կալվածների կառավարիչը, հավաքել և մի քանի օր առաջ հանձնել էր նրան։ Նա համարեց քսան հատ տասըռուբլիանոց, սակայն առանց հաշիվ տալու իրեն՝ ճիշտ քսան հատ համարեց, թե ավելի կամ պակաս, որովհետև խիստ հուզված էր, և դրեց պանի Զդանևիչի առաջ։

Պանի Զդանևիչը սաստիկ զգացված, արտասուքն աչքերին, մոտեցավ նրան, բայց նա ետ քաշվեց և արագախոսությամբ նկատեց.

— Եթե շնորհակալություն պիտի հայտնեք, ես դուրս կգնամ։

Պանի Զդանևիչը ձեռքերն աղերսագին մեկնեց դեպի նա։

— Ոչ, ես ոչինչ չեմ ասիլ. միայն թույլ տվեք սեղմեմ ձեր բարի ձեռքը։

Շահյանը պարզեց ձեռքը։

Պանի Զդանևիչը առավ այդ ձեռքն իր տաք ձեռքերի մեջ և լուռ հիացմունքով, անհուն երախտագիտությամբ սեղմեց իր փափուկ կրծքին։

2

Շահյանը մինչև փողոցի դուռը ճանապարհ ձգեց պանի Զդանևիչին։ Այստեղ նա վերին աստիճանի հարգանքով բաժանվեց պանի Զդանևիչից և չհեռացավ դռնից, մինչև որ պանի Զդանևիչը, վերարկուի երկայն փեշը սառած ձյունի վրա քարշ տալով ետևից, ծռվեց փողոցի անկյունը և չքացավ։ Նա դուռը փակեց և վազեց վերև։

Սանդուղքի գլխին, նախասենյակում, նրա դեմն ելավ մայրը։

— Ո՞վ էր,— հարցրեց Թամարը հետաքրքրությամբ։