մեջ, շոշափելի կինը նրա վրա այն տպավորությունը չէր գործում, ինչ որ կինը հեռվից, կինը երևակայության մեջ, անշոշափելի կինը։ Կնոջ մտացածին պատկերն ավելի զորեղ ազդեցություն ուներ նրա վրա, քան թե իրական կինը։ Իրականության մեջ կույսի պես ամոթխած լինելով, երևակայության մեջ համարձակ էր ցինիկի և էրոտիկի պես...
Շահյանր նստեց. բազմոցի վրա, այնտեղ, ուր նստած էր պանի Զդանևիչը, և հավաքեց իր վավաշոտ երևակայության բոլոր ուժն՝ ավելի որոշ կերպով մտապատկերելու համար այդ հրաշալի կնոջ խոշոր, տիպական դեմքը, նրա հարուստ մազերը, հագուստի մեջ ամուր սեղմված լիքը իրանը։ Նա առանձին հեշտանքով կանգ առավ մանավանդ այն մտապատկերելու վրա, երբ պանի Զդանևիչն առավ նրա ձեռքն իր երկու ձեռքերի մեջ և սեղմեց իր կրծքին։ Ինչքա՜ն փափուկ, ինչքա՜ն տաք էին այդ ձեռքերը, այդ փափուկ կուրծքը... Եվ Շահյանը հանկարծ ցանկացավ գժի պես համբուրել այդ ձեռքերը, դեմքը թաղել այդ կրծքի մեջ և հալվել, ինչպես հալվում է ձյունը արևի տաք ճառագայթների տակ։
Կարծես մոգական մի գավազանի զորությամբ չքացել էր Շահյանի սովորական քնածությունը, երիտասարդական արյունն սկսել էր եռալ նրա երակների մեջ անսովոր տաքությամբ։ Օրն անցկացրեց տենդային տանջող դրության մեջ, մթագնած ուղեղով, խառնաշփոթ անմաքուր զգացումներով։ Արյունը գլուխն էր ընկել և կատաղի ալիքներով զարկվում էր քունքերին։ Նրա մեջ շարժվել էր արյունը, ախտաբանական արարածը, որից ավելի զորավոր ոչինչ չկա աշխարհիս երեսին, բացի մահից։ Գիշերը նրա քունը նման էր պարզապես մի մղձավանջի, որի մեջ չէր իմանում՝ քնած է, թե արթուն. զգում էր միայն, որ սարսափելի տանջվում է։
Առավոտյան վեր կացավ սաստիկ թուլացած մարմնով և շատ վատ տրամադրության մեջ։ Անլվա երեսով, խալաթը հագին նստած էր լուսամուտի առաջ, մռայլ կարմրատակած աչքերով նայում էր դուրս և մտածում էր պանի Զդանևիչի մասին, երբ ծառան մտավ և մի նամակ հանձնեց նրան։ Նա պատռեց ծրարը, հանեց նամակը, և նրա քթին նորից դիպավ նույն անուշահոտ օծանելիքի սուր բուրմունքը։ Նամակի մեջ խոշոր, փութկոտ, համարձակ գրերով գրված էր հետևյալը.