Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սկզբում քայլում էր կայտառ, համարձակ, բայց հետո, քանի մոտենում էր հյուրանոցին, այնքան նրա քայլերը դանդաղում էին։ Ձմեռվա ցուրտ օրը կամաց-կամաց սառեցնում էր նրա արհեստական կերպով տաքացած արյունը։ Սկզբում չէր զգում, բայց հետո տեսավ, որ ատամները զարկվում են իրար։ Շրթունքները պինդ հուպ տվեց, որ զսպի ամբողջ մարմնի մեջ զգացած տարօրինակ դողը, բայց և այնպես բերանի մերթ այս, մերթ այն կապը ջղաձգաբար վերև էր թռչում, իր հետ վերև ձգելով նաև վզի մկանունքները։ Եվ այդ բոլորը հետզհետե սաստկանում էր, քանի մոտենում էր հյուրանոցին։ Նա պարզ հաշիվ չէր կարողանում տալ իրեն, թե ինչից էր այդ տարօրինակ դողը — ցրտի՞ց արդյոք, թե՞ այն բանից, ինչ որ սպասում էր գտնել պանի Զդանևիչի մոտ։

Դեռ «Կավկազ» հյուրանոցին չմոտեցած՝ կանգ առավ պայծառ լուսավորված խանութներից մեկի առաջ, ժամացույցը հանեց և նայեց, ժամը 6-ից անցած էր 25 րոպե։ «Դեռ վաղ է,— մտածեց.— մի քիչ ման կգամ այստեղ, մինչև որ 7-ը լրանա»։ Ու ետ դարձավ։

Գինու ազդեցությունը դեռևս բոլորովին չէր անցել նրա գլխից, բայց ցուրտ, թարմ օդը հետզհետե ավելի զգաստացնում էր նրան։ Եվ որքան զգաստացնում էր, այնքան ավելի ու ավելի զգում էր, որ խիստ բախտավոր պիտի լիներ, եթե ստացած չլիներ պանի Զդանևիչի նամակը։ Ի՞նչ էր ուզում այդ կինն իրենից։ Ինչո՞ւ եկավ և վրդովեց իր հանգիստը, որ հազիվհազ ձեռք էր բերել վերստին, Եվայի և Բազենյանի հետ ունեցած միջադեպից հետո։ Ինչո՞ւ առիթ տվեց, որ նրա մեջ այժմ նորից շարժվել է իր կյանքն այնքա՛ն դառնացնող անձնաքննության թույնը։ Ահա՛, նա նորից լցվել է ատելությամբ դեպի ինքը,— ինչո՞ւ համար...

Սակայն, իհարկե, Շահյանը շատ լավ հասկանում էր, որ պանի Զդանևիչն այդ բոլորի մեջ ամենևին հանցանք չուներ. այդ կնոջ հանցանքն այն էր միայն, որ գեղեցիկ էր, եկել էր Շահյանից օգնություն խնդրելու և մյուս օրը հրավերի մի նամակ էր գրել։ Ճշմարիտ է, այդ նամակը պարզ չէր. բայց մի՞թե հենց նրա համար, որ այդ նամակը պարզ չէր, պանի Զդանևիչի հրավերին նա անպատճառ այն բացատրությունը պիտի տար, որ այնքան ցանկալի էր նրա վավաշոտ