աննպատակ կերպով նայեց այս ու այն կողմը, հետո նորից փայլեցնելով իր տարօրինակ պլպլան աչքերը Շահյանի վրա, անցավ և կանգնեց Շահյանից մի երկու քայլ հեռու։
Շահյանր շտապեց հեռանալ և, վախենալով, որ կինը կարող է հետամուտ լինել իրեն, քայլերն արագացրեց։ Բավական երկար տեղ անցնելուց հետո ետ նայեց և, ոչ մի կին չտեսնելով, հանգստացավ։ «Կավկազ» հյուրանոցի առաջ կանգ առավ և նայեց քաղաքային տան ժամացույցին. սլաքները ցույց էին տալիս 7-ից 10 րոպե պակաս։ Ուրեմն դեոևս ժամանակ կար մտածելու — գնա՞ր պանի Զդանևիչի մոտ, թե ոչ։ Եվ ետ դարձավ։ Դառնալիս հանդիպեց ժամը հարցնող կնոջը մի սպայի հետ։ Կինն անցավ ուղղակի Շահյանի կողքով առանց ուշադրություն դարձնելու նրա վրա. անցավ բարձրաձայն և ուրախ խոսելով սպայի հետ, որը նայում էր նրան արուի աչքերով և ձեռքով ոլորում բեղի մի ծայրը։
Շահյանր մի քանի անգամ անցավ ու դարձավ և այդ բոլոր ժամանակ իբր թե մտածում էր՝ գնա՞ր պանի Զդանևիչի մոտ, թե ոչ, բայց իսկապես այլևս ոչինչ չէր մտածում, այլ միայն դիտում էր իր օտարոտի վարմունքը, մտքումը ծիծաղում էր իր վրա, ծաղրում էր իր անհամարձակությունը, սրտանց հայհոյում էր իրեն, կարծես ինքը չէր իր այդ դիտողության, այդ ծիծաղի, ծաղրի և հայհոյանքի առարկան, այլ մի ուրիշը, որին արհամարհում և ատում էր հոգու բոլոր կարողությամբ։
Երբ քաղաքային տան ժամացույցը խփեց յոթը և մի կես ժամ էլ անցավ, Շահյանը հանկարծ թքեց ինքն իր հասցեին և վճռեց տուն դառնալ։ «Այսպես է լինում միշտ, երբ մարդ ինքն իր վզակոթին տալով է ուզում իրեն որևէ տեղ տանել»,— մտածեց նա։
Բայց հազիվ նա մի քանի քայլ էր արել, որ գնա նստի հրապարակում կանգնած կառքերից մեկը, երբ հանկարծ կանգ առավ գրեթե սարսափած։
Նրա առաջ կանգնած էր ինքը՝ պանի Զդանևիչն իր պարթև հասակով, մազածածկ վերարկուի մեջ կոլոլված։