Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բարև ձեզ, պարոն Շահյան,— բացականչեց պանի Զդանևիչն ուրախացած և ամուր սեղմեց նրա ձեռքը:— Ստացա՞ք նամակս:

— Ստացա:

— Հետո՞։ Չե՞ք ուզում գալ ինձ մոտ:

Շահյանը հազիվ կարողացավ տիրապետել իրեն։

— Ինչպես չէ... Հենց դրա համար էլ դուրս եմ եկել... Բայց... այստեղ մի փոքրիկ գործ ունեի... ասացի մեկ անգամ վերջացնեմ, հետո...

— Այդ լավ է։ Ուրեմն դուք դեռ չեք մտել ինձ մոտ: Ես մեկնելու եմ վաղն առավոտյան, դրա համար դուրս եկա մի քանի բաներ գնելու և դռնապանին պատվիրել էի, որ եթե գաք, խնդրե, որ սպասեք ինձ. սենյակիս դուռն էլ, համենայն դեպս, բաց էի թողել։ Բայց, իսկապես, չէի կարծում, թե կգաք, որովհետև նամակիս չէիք պատասխանել։ Ես այժմ ինչ որ հարկավոր էր, առել պրծել եմ և տուն եմ գնում։ Ուրեմն ձեր գործը վերջացնելուց հետո կգաք, սպասեմ. հա՞։

— Այո, ես իսկույն...

Եվ Շահյանը, ցույց տալու համար, որ իբր թե գործ ունի, արագ քայլերով հեռացավ։ Նա գնաց, գնաց և, երբ բավական հեռացավ, քայլերը դանդաղեցրեց և ծիծաղեց ինքն իր վարմունքի վրա։ Անցավ Դվարցովայա փողոցը, ամբողջ Գոլովինսկի պրոսպեկտը և ետ գարձավ։ Ինչպես գնալիս, այնպես և դառնալիս կանգ էր առնում այս ու այն խանութի պատուհանների առաջ, անուշադրությամբ դիտում էր ներսը դարսված իրերը, որոնք, սակայն, պարզ չէին երևում քրտնած ապակիների միջից, և այդ բանն անում էր միմիայն նրա՛ համար, որ կարելույն չափ ուշանա և իր ուշանալովն ապացուցանի պանի Զդանևիչին, թե ինքն իսկապես գործի համար է եղել գնացած։

Կես ժամ անցնելուց հետո վերջապես վճռեց, որ այժմ կարելի է գնալ։ Չգնալ այլևս չէր կարող, որովհետև խոսք էր տվել։ Բայց կեղծիքը պետք էր շարունակել. ամեն բանով այժմ ցույց պիտի տար պանի Զդանևիչին, որ ինքը, հակառակ իր ցանկության, փոքր-ինչ ուշացել է. դրա հայար խիստ արագացրեց քայլերը, չնայելով որ ամեն մի քայլափոխին