Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոտները սահում էին ձյունի վրա. նույնպիսի արագությամբ բարձրացավ հյուրանոցի սանդուղքով և միջանցքում պատահած առաջին սպասավորին դիտմամբ բարձրաձայն հարցրեց № 18 սենյակը, թեև առանց հարցնելու էլ կարող էր գտնել։

Նույն րոպեին նրանցից մի քանի քայլ հեռու մի դուռ արագորեն բացվեց, և շեմքում երևաց պանի Զդանևիչը ժպտադեմ։

— Համեցեք, այս է իմ սենյակը։

Շահյանը գործից վերադարձող մարդու բռնի կեղծ աշխուժով թափ տվեց վերարկուի կրծքին և ուսերին նստած ձյունը, ներս մտավ և դռան մոտ սկսեց հանել կրկնակոշիկներն ու վերարկուն։

— Ներեցեք, գուցե փոքր-ինչ ավելի սպասեցնել տվի ձեզ,— ասաց նա։

— Բան չկա, գիշերն երկար է։ Բացի դրանից, վերջին ժամանակներս ես տանջվում եմ անքնությունից։ Համեցեք այստեղ։

Շահյանն, անշնորհք երեխայի պես, հետևեց պանի Զդանևիչին և թաղվեց նրա առաջարկած գահավորակի վրա։ Գահավորակն այնքան ցածր էր, որ նրան թվաց, թե գետնին նստեց։

— Դուք մրսել եք։ Մի բաժակ թեյ չեք մերժիլ, չէ՞։

Շահյանը պատասխանելու տեղ ժպտաց։

— Ձեզ էի սպասում, որ միասին խմենք, և վառարանն էլ պատվիրեցի, որ նորից վառեն,— ասաց պանի Զդանևիչն և արագ քայլերով ինչ-որ բանի համար անցավ սենյակի անկյանը դրված պատվարի ետևը։

«Մահճակալն անշուշտ այնտեղ է դրված»,— մտածեց Շահյանը և հայացքն ամոթխածությամբ ուղղեց դեպի պատի վառարանը, որի օդանցքները վառվում էին մի շարք հրափայլ աչքերի պես։ Չէր իմանում, սենյա՞կն էր շատ տաք, թե այդ րոպեին իր զգացած վախկոտությունն էր, որ հանկարծ վառեց նրա ճակատն ու ականջները, բայց ձեռքերը սառն ու թաց էին շան դնչի պես և ամբողջ մարմինը մերթ տաքանում էր, մերթ հովանում։ Նրան թվաց, թե այդ բոլորը նրանից է, որ շատ ցածր է նստած, այնքան ցածր, որ ծնկները