Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատերն էին խնդրում ձեռս, բայց ես նորից ամուսնանալու մասին մտածել անգամ չէի ուզում։ Միակ այն հանգամանքը, որ ամուսնուս շնորհիվ գրեթե աղքատացել էի, մի տեսակ հակակրանք էր զարթեցրել իմ մեջ դեպի տղամարդիկ առհասարակ։ Բացի դրանից, շատ երևույթներ դիտելով, այն համոզման էի եկել, որ տղամարդիկ կնոջ վրա նայում են կամ շահախնդրական, կամ անասնական տեսակետից. տղամարդիկ ամուսնանում են կամ հարստանալու, կամ գեղեցիկ կին ունենալու համար, ուրիշ տեսակետ չկա: Իսկ ես նոր էի զգում, որ կարոտ եմ սիրո, այնպիսի բուռն, անկեղծ սիրո, որ ինքն է միայն իր նպատակը։ Այդպիսի բան չէի տեսնում ձեռքս խնդրողների մեջ. ամեն տեղ մեծ ուշադրություն էին դարձնում ինձ, քծնում էին առաջս, սիրո երդումներ էին անում, նույնիսկ սպառնում էին անձնասպանություն գործելու, բայց սիրտս շարժելու տեղ արհամարհանքս էին շարժում։

— Ձեր թեյը սառեց, պարոն Շահյան,— նկատեց պանի Զդանևիչը, պատմությունն ընդհատելով։

Շահյանը վերցրեց իր թեյի բաժակը։ Իսկ պանի Զդանևիչն իր բաժակից մի քանի կում արեց և շարունակեց.

— Այս միջոցներին էր, որ ծանոթացա Բազենյանի հետ։ Ծանոթացա ահա թե ինչպես։ Մի օր անցնում էի փողոցով (այս բոլորը պատահեց Վարշավայում)։ Հանկարծ այնպիսի մի ուժգին քամի բարձրացավ, որ ուղղակի քշում էր մարդու։ Նախքան ձեռքս կտանեի, որ գլխարկս բռնեմ, մեկ էլ տեսնեմ՝ գլխարկս արդեն գլորվում է գետնին աչք կուրացնող փոշու հետ խառնված։ Դիմացից եկող մի երիտասարդ իսկույն վազեց, բռնեց, բերեց տվեց ինձ և նախքան բերանս բաց կանեի, որ շնորհակալություն հայտնեմ, անցավ գնաց։

Այդ երիտասարդը Բազենյանն էր։

Մի քանի օր հետո նրան տեսա թատրոնում, խաղամիջոցի ժամանակ, ֆոյեում։ Նայեց ինձ և, չգիտեմ, ճանաչե՞ց, թե ոչ, բայց անցավ գնաց։ Դարձին, երբ ուղղակի պիտի անցներ մոտովս, կանգ առա կամա և ժպտալով նայեցի նրան։ Նա նույնպես կանգ առավ։

— Ինձ չե՞ք ճանաչում,— հարցրի։