Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եթե չեմ սխալվում,— ասաց,— ես պատիվ եմ ունեցել անցած օր ձեր գլխարկն ազատելու քամու ճիրաններից։

Շատ դուր եկավ ինձ առանց ո՛րևէ շփոթմունքի և վերին աստիճանի նուրբ կոմիկությամբ արտասանված այդ պատասխանը։

Ես ձեռքս մեկնեցի նրան։

— Այն ժամանակ դուք ինձ միջոց չտվիք շնորհակալություն հայտնելու, ուրեմն այժմ ընդունեցեք շնորհակալությունս։

— Որ այդպես է,— ասաց,— շատ ցավում եմ, որ ձեր գլխարկն ազատելիս ոտս չկոտրեցի։

— Ինչո՞ւ,— հարցնում եմ զարմացած։

— Որպեսզի իսկապես արժանի լինեի ձեր շնորհակալությանը։

Ուրիշ այսպիսի կես-քաղաքավարական, կես-հեգնական մի քանի պատասխաններից հետո նա ինձ գրավեց միանգամայն, և ես հրավիրեցի նրան օթյակս։ Արտաքինով շատ գեղեցիկ էր, հագնված էր մեծ ճաշակով, վարմունքի մեջ գռեհկականության նշան անգամ չկար։ Ուստի երկյուղ չունեի նրա հետ միասին նստելու։ Ասենք, այդ կողմից ես միշտ հեռու եմ եղել որոշ նախապաշարումներից։ Թեև ծագումով արիստոկրատ, բայց հայացքներովս դեմոկրատ եմ եղել միշտ։ Այս էլ ասեմ, որ նրան օթյակս հրավիրեցի գլխավորապես մի հուսար սպայի ջգրու, որը սաստիկ ձանձրացրել էր ինձ և որին այդ երեկո պարզապես արգելել էի օթյակս մտնելու։ Ինձ հետ էր ծերունի, բայց իրեն միշտ երիտասարդ ձևացնող, մորեղբայրս — ինքնահավան և խելքից մի քիչ պակաս մի արիստոկրատ, որի համար ով պան չէր — մարդ չէր։ Բազենյանի արտաքինը հավանեց, բայց երբ ծանոթացավ նրա հայացքների հետ, ականջիս փսփսաց, որ ոչ մի պայմանով գործ չունենամ այդ երիտասարդի հետ։ Բանն այն է, որ, երբ մորեղբայրս սկսել էր արիստոկրատիայի գովքն անել — այդ նրա հիվանդությունն էր,— Բազենյանը շատ հանգիստ կերպով և շատ բանավոր պատճառաբանություններով նկատեց, որ արիստոկրատիզմը մի անախրոնիզմ է մեր ժամանակում, որ արիստոկրատիան նույն դերն է կատարել և կատարում մարդկային կյանքի մեջ, ինչ որ պարազիտները կենդանական