Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուսամփոփով առատ լույս էր սփռում նրա բոլորովին լերկ ծոծրակի վրա, որը պլպլում էր սոխի կճեպի պես։

Շահյանի հայրը մոտ վաթսուն տարեկան մարդ էր խոշոր արտաքինով։ Նրա մարմինն ավելի ուռած էր երևում, քան գեր։ Ֆիզիկական երկարատև սուր ցավերը ձգձգել, սառցրել էին նրա սափրած դեմքի մկանունքները։ Ավետարանի շարունակ ընթերցումից նա չէր սովորել համբերատար լինել. տրտնջում էր ամեն բանի, առավելապես իր հիվանդության դեմ, որ իսկապես սաստիկ տանջում էր նրան։ Մինչդեռ նա վերին աստիճանի բարի մարդ էր, թեև զուրկ չէր փող դիզելու ընդունակությունից։ Հիվանդությունը սաստկանալուց հետո վերջ էր դրել իր առևտրական գործերին և աճուրդների ժամանակ քաղաքում ձեռք էր բերել մոտ քսան տեղ զանազան շենքեր, որոնք բավական արդյունք էին տալիս նրան։ Չնայելով, որ հիվանդությունը շատ էր նեղում նրան, բայց և այնպես կալվածներն անձամբ ինքն էր կառավարում։ Նրա գովելի հատկություններից մեկն էլ հենց այն էր, որ նա սիրում էր գործ կատարել,— մի հատկություն, որից զուրկ էր փափկակեցության մեջ մեծացած և ինքն իր կամքին թողնված նրա որդին։

Որդուն շատ էր սիրում, թեև միշտ տրտնջում էր նրա դեմ այն բանի համար, որ նա չի օգնում իրեն։ Իսկ որդուն ամենևին չէին հետաքրքրում հոր գործերը, և նա կատաղում էր ամեն անգամ, երբ հայրն սկսում էր այդ մասին տրտնջալ։ Դուրսը մուկ լինելով, տանը կատարյալ բռնակալ էր Շահյանը։ Շատ անգամ ամենաչնչին պատճառով այնպես բղավում էր հոր և մոր վրա, որ նրանք վախեցած լռում էին։ Թեև նա հասկանում էր, որ իր վարմունքն անարդար և անվայել է, բայց չէր կարողանում զսպել իրեն։ Ծուլությունը զրկելով նրան բնավորությունից, նրա մեջ զարգացրել էր սաստիկ նեղ անձնասիրություն, որը վիրավորվում էր ամեն մի չնչին բանից։ Այնինչ այդ անձնասիրությունը սաստիկ վախկոտ էր օտար մարդու առաջ. օտարն ապտակ էլ տար նրան, նա կլռեր։ Նա չէր կարողանում տանել միայն հոր և մոր կշտամբանքը, ինչքան էլ որ չնչին և արդարացի լիներ այդ։ Շատ քիչ կպատահեր, որ նա հաշտ