Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եվ, երևի, այդ ծառայությունները վարձատրելու համար էր, որ ձեր երկրում խլեցիք նրանց կրոնը,— վրա բերեց նա։

— Այդ բանում մեղադրեցեք ձեր Նիկոլին։

— Նիկոլը մերը չէր, Նիկոլը ձերն էր։

Գնեցի, ինչ որ ուզում էի. և պատրաստվում էի, որ հեռանամ, մեկ էլ տեսնեմ գնածս իրերն առավ կռան տակը։

— Ի՞նչ եք ուզում անել,— հարցրի։

— Ուզում եմ ծառայություն մատուցանել ձեզ։ Ես չպետք է մոռանամ, որ հայ եմ և գտնվում եմ Լեհաստանում։

— Հետո չե՞ք վախենում, որ ի վարձատրություն ձեր ծառայության՝ խլեմ ձեր կրոնը։

— Խլեցեք թեկուզ ինձ ամբողջովին,— ասաց նա, վաճառատան դուռը բանալով առաջս։

Այսպես խոսելով և կատակ անելով հասանք մինչև մեր տան դուռը։ Այստեղ գնածս իրերը հանձնեց ինձ և բաժանվեց։ Շատ խնդրեցի, որ տուն մտնի, չմտավ։

Հետևյալ օրը դարձյալ գնացի այն հայի վաճառատունը, թեև ամենևին կարիք չունեի որևէ բան գնելու։ Երեխա չէի, իհարկե. շատ լավ հասկանում էի, թե ինչն է դրդում ինձ այնտեղ մտնելու։ Բայց այս անգամ չտեսա այնտեղ Բազենյանին։

Այնուհետև գրեթե ամեն օր մտնում էի այն հայի վաճառատունը և միշտ էլ... հուսահատվա՞ծ ասեմ, չէ՛,— բարկացած էի դուրս գալիս այնտեղից։ Խիստ վիրավորական էր թվում ինձ այն բանը, թե ինչո՞ւ ես ուզում էի տեսնել Բազենյանին, խոսել նրա հետ, իսկ նա չէր երևում։ Ես բարկանում, զայրանում էի ինձ վրա միայն, որ անփորձ աղջկա նման կորցրել էի խելքս, մինչդեռ ամեն բանից երևում էր, որ նա չէր մտածում իմ մասին։ Այլապես, եթե ես նույնպիսի մի զգացում լինեի ներշնչած նրան, որպիսին նա էր ներշնչել ինձ, չէ՞ որ չէր կարող ինձ տեսնել չցանկանալ, ինչպես ես էի ցանկանում նրան տեսնել, մանավանդ որ ինքս էի խնդրել, որ չմոռանա ինձ։

Ըստ երևույթին, այս այսպես էլ պետք է վերջանար, բայց բախտն երևի ուրիշ կերպ էր տնօրինել։