Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5

Պանի Զդանևիչն արագ խմեց իր սառած թեյը և, վերցնելով Շահյանի արդեն դատարկած բաժակը, վեր կացավ երկրորդ բաժակը լցնելու։ Այդ մի քանի րոպեի գործ էր։ Այնուհետև նորից նստեց իր տեղը և շարունակեց։

— Մի երեկո ինձ մոտ հավաքված էին չորս երիտասարդ, երեքը — մեր շլյախտիչներից, չորրորդն — իմ ասած հուսար սպան. չորսն էլ մեկը մյուսից ավելի դատարկագլուխ, կանանց շուրջը քծնող, ձիերի անունով երդվող, կանաչ սեղանի սիրահար և վերին աստիճանի մեծամիտ։ Երբեմն ձանձրանում, երբեմն զայրանում, բայց շատ հաճախ զվարճանում էի այդ հիմարների վրա։ Սեղանի շուրջը բոլորած՝ թուղթ էինք խաղում։ Բայց ավելի շատ զբաղված էինք մի ինչ-որ շատ հիմար խոսակցությամբ։ Այդ միջոցին մտավ աղախինս և մի այցետոմս տվավ ինձ։ Նայեցի՝ Բազենյանի այցետոմսն էր։ Իսկույն հրամայեցի, որ ներս հրավիրի, և թղթերը խառնելով, վեր կացա սեղանի մոտից։

— Վեր կացեք, պարոններ,— ասացի.— ամենքդ էլ ոտի վրա պետք է ընդունեք նրան։

— Ո՞վ է։ Մինի՞ստր է եկողը,— հարցրեց մեկը։

Ներս մտավ Բազենյանը։ Տեսնելով, որ ինձ մոտ հյուրեր կան, սկզբում կանգնած մնաց դռան մոտ և մի թռուցիկ հալացք ձգեց ամենքի վրա. հետո արագ մոտեցավ ինձ և բարևեց։ Ես կշտամբեցի նրան, որ ինձ մոռացել էր, և ներկայացրի հյուրերիս։ Մոտեցավ յուրաքանչյուրին և հարգանքով սեղմեց նրանց ձեռքը։ Այդ միջոցին ակամա դիտում էի հյուրերիս և տեսնում էի, որ նրանք մի քիչ զարմացած, մի քիչ հետաքրքրված, բայց ամենքն էլ նախանձով դիտում էին Բազենյանի արտաքինը։ Իսկ ես, այդ բանը դիտելով, երբե՛ք այնպիտի ինքնագոհ հաճույք չէի զգացել, ինչպես այդ րոպեին։ Բայց նախանձն ամենից ավելի վառել էր հուսարին։

— Այս այն պարոնը չէ՞,— դարձավ նա կիսաձայն, թթված դեմքով և բեղի սուր ծայրը ոլորելով։

— Ո՞ր պարոնը։

— Ա՛յն, որին դուք թատրոնում...