Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նա՛ է, նա՛ է,— վրա բերի ես, ջգրացնելով նրան, և բռնելով Բազենյանի ձեռքից, տարա նստեցրի կողքիս։

Հուսարս բեղն այնպես ձիգ տվեց, որ քիչ մնաց պոկի, և դարձավ ընկերներին.

— Պարոններ, կարծում եմ, մենք կարող ենք շարունակել մեր խաղը։

— Բայց, ի սեր աստծո,— բացականչեցի ես,— այդ սեղանը հեռացրեք մեր մոտից։

Մեր մոտից,— ստորագծեց հուսարը և բռնեց սեղանի մի ծայրից։— Օգնեցեք, պարոններ, սեղանը հեռացնենք նրանց մոտից։ Կամ,— հանկած դարձավ նա ինձ,— գուցե, կհրամայեիք, որ մենք հեռանա՞նք մյուս սենյակը, որպեսզի չխանգարենք ձեզ:

— Ոչ,ոչ խնդրեմ. մենք չենք քաշվիլ ձեր ներկայությունից,— նկատեցի ես ծիծաղելով։

Սեղանը հեռացրին, և հուսարս, երևի ցույց տալու համար, որ մեզ արհամարհում է, նստեց մեջքը մեր կողմն արած։ Բայց և այնպես, նա չկարողացավ դիմանալ և աթոռի վրա հանկարծ դարձավ Բազենյանի կողմը։

— Ներեցեք, պարոն,— ասաց նա,— դուք, կարծեմ, ասացիք, որ ձեր ազգը Բազենյանց է։ Ես եղել եմ Կովկասում, Թիֆլիսում, և, եթե չեմ սխալվում, այնտեղ բազազ անունը տալիս են ճոթավաճառներին։ Դուք ճոթավաճա՞ռ եք։

Բազենյանն սկզբում այնպիսի արագ և խիստ ու սուր մի հայացք ձգեց նրա վրա, որ ճիշտն ասած, ես վախեցա, բայց հետո ժպտաց և խիստ կոմիկական հանգստությամբ պատասխանեց.

— Այո, ձերդ գերազանցություն, ես դժբախտություն ունեմ ճոթավաճառ լինելու, որովհետև ազգանունս Բազազյանց է։— Ուրիշ ի՞նչ կհրամայեիք իմանալ։

— Ուրիշ ոչինչ։ Հա՛, մեկ էլ այս էի ուզում իմանալ. դուք Թիֆլիսի՞ց եք եկել։

— Ոչ, ձերդ գերազանցություն. Թիֆլիսի մոտ մի գյուղ կա,— այնտեղից եմ եկել։

— Վարշավ եկել եք ինչո՞ւ համար, կոշիկնե՞ր գնելու։

— Ոչ, ձերդ գերազանցություն. դուք ասացիք, որ ես ճոթավաճառ եմ։