Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե, այդ միևնույն է։

— Ոչ, ձերդ գերազանցություն. ես կարծում եմ, ճոթավաճառը այստեղ որ գա, ճոթ կգնի, բայց ոչ կոշիկ։

— Դե, ձեր արհեստից արդեն ես ոչինչ չեմ հասկանում,— ասաց հուսարը և մեջքը նորից մեր կողմն արեց։— Այսքանս միայն իմացել եմ, որ ձեր Կովկասի վաճառականները մաշեննիկ են։

— Մեծ մաշեննիկ, ձերդ գերազանցություն,— վրա բերեց Բազենյանը նույն հեգնական խոնարհ տոնով։

— Գալիս են խաբում այստեղի միամիտ գործարանատերերին, ապառիկ ապրանք տանում և հետո սնանկանում, փողերը տակովն անում։

— Ձերդ գերազանցություն, թույլ տվեք նկատեմ,— հապա ասացիք, որ բան չեք հասկանում մեր արհեստից։

— Ես իմ լսածն եմ ասում։

— Հա՜։

— Ի՞նչ է, սխալվո՞ւմ եմ։

— Ի՞նչպես կարող է սխալվել ձերդ գերազանցությունը։ Ձեր բերանով ինքը ճշմարտությունն է խոսում։

Այդ բոլոր խոսակցությունն այն աստիճան զվարճալի էր, որ կատարյալ հաճույք էր պատճառում ինձ, մանավանդ այն տոնը, նուրբ հեգնող, խայթող տոնը, որով խոսում էր Բազենյանը։ Եվ ես անդադար ծիծաղում էի։ Ինձ հետ զվարճանում էին և մյուս երեք հյուրերս, որոնք մի քիչ ավելի խելք ունեին, քան թե հուսարը, և որոնք հետո շատ բարեկամացան Բազենյանի հետ և իրենք էին ծաղրում հուսարին, յուրացնելով Բազենյանի հեգնական տոնը։

Մի ուրիշ անգամ դեպքն այնպես բերեց, որ հուսարն ու Բազենյանը դարձյալ հանդիպեցին իմ տանը։ Այս անգամ ինձ մոտ էին և ուրիշ բարեկամներ ու ծանոթներ, ի միջի այլոց, և մորեղբայրս։ Հուսարը խիստ գրգռված էր, որ իմ ուշադրության գլխավոր առարկան Բազենյանն էր, և, ինչպես նկատում էի, առիթ էր որոնում մի սկանդալ սարքելու։ Բայց ես կարևորություն չէի տալիս այդ բանին և միայն զվարճանում էի հուսարի անզոր կատաղության վրա։ Սակայն սկանդալը պատահեց։ Մորեղբորս ու Բազենյանի միջև վիճաբանություն էր ծագել սոցիալական խնդիրների մասին։ Ամենքս