Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մենամարտից։ Մորեղբայրս չէր դիմացել դեպի սկանդալներն ունեցած իր հիվանդությանը և, բոլորովին մոռանալով իր արիստոկրատիզմը, համաձայնել էր Բազենյանի մարտավկան լինելու։ Կատարելապես հիացած Բազենյանի սառնասրտության վրա, պատմեց ինձ, թե ինչպիսի հեգնական ժպիտով ատրճանակն արձակել էր օդում և թե ինչպես, այն բանից կատաղած, հուսարը լարել էր բոլոր ուժերը, որ չվրիպի, բայց հենց այդ պատճառով էլ վրիպել էր գնդակն արձակելիս։

Այս դեպքը վճռական նշանակություն ունեցավ դեպի Բազենյանը տածած զգացմանս համար։ Քանի որ խոսք ու զրույց կար մենամարտի մասին, ես սարսափելի անհանգիստ դրության մեջ էի, իսկ երբ մորեղբայրս հայտնեց, որ Բազենյանը ողջ ու անվնաս է մնացել, լաց եղա ուրախությունից։ Իր գեղեցկությամբ, հանդգնության աստիճանին հասցրած իր խիզախ, աներկյուղ բնավորությամբ նա ինձ համար դարձել էր արդեն այնպիսի մի արարած, որի վերաբերմամբ, այլևս չէի կարող ստիպել ինձ անտարբեր մնալու և չմտածելու այն մասին, թե ես արդյոք դո՞ւր եմ գալիս նրան,— կնոջ սիրահարված լինելու ամենահաստա՜տ նշան։

Բայց նա ինձ ուրիշ բանով էլ էր գերել,— իր խոսքի ուժով։ Արդեն գիտեի, որ ջերմ հայրենասեր է իբր թե և ինչ-որ գաղտնի առաքելություն ունի իբր թե։ Սկզբում խույս էր տալիս այդ մասին խոսելուց, ինչ-որ խիստ խորհրդավոր կերպարանք էր առնում, բայց հետո կամաց-կամաց, կարծես թե, մոռանում էր իրեն, մոռանում էր թե որտեղ է, ում հետ է խոսում, իր պատմած վայրերը, անձերը, անցքերը, կարծես թե, ուղղակի տեսնում էր իր աչքի առաջ, և այդ բոլորի մասին խոսում էր վարակիչ ոգևորությամբ, ներքին լափող կրակով, լսողի աչքերից արտասուք քամող պատկերավորությամբ, դառն կսկիծով, բայց երբե՛ք հուսահատությամբ,— մի բան, որի նշույլն անգամ չէի տեսնում նրա մեջ,— ընդհակառակը, ամենավառ հույսեր էին, որ այդպես կրակում էին նրան։ Երբ խոսում էր այդպես, ինձ թվում էր, թե նստած եմ նավակի մեջ և կատաղի մի հեղեղ քշում տանում է ինձ ուր-որ շշմեցնող արագությամբ։ Սովորաբար, երբ ոգևորվում էր, նստած չէր մնում, ամբողջ մարմինը ցնցվում