Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանկարծ քարացել, մթնել է և այդ սոսկալի ամայության մեջ ես եմ միայն կենդանի մնացել...

— Պարոն Շահյան, մի բաժակ էլ,— խնդրեց պանի Զդանևիչը, նոր տեսնելով, որ նրա բաժակը դատարկ դրված է նրա առաջ։

— Չէ՛, շատ շնորհակալ եմ։ Ձեր պատմությունն այնքան հետաքրքրական է, որ...

— Կարելի է և երրորդ բաժակը չխմել,— վրա բերեց պանի Զդանևիչը ժպտալով և ջրի պես խմեց իր սառած թեյը։

6

Նույն օրվա գիշերը— ժամը, կարծեմ, տասնմեկն էր,— դեմքս ծածկեցի հաստ վուալով և դուրս եկա,— շարունակեց պանի Զդանևիչը։— Գիտեի որ հյուրանոցումն էր իջած։ Գնում էի, բայց չէի իմանում ինչու։ Այնպես էի զգում, թե սաստիկ տենդի մեջ եմ։ Հյուրանոցի դռնապանից իմացա, որ տանը չէ, դեռ չի վերադարձել։ Չհուսահատվեցի։ Գրեթե մի ժամ կանգնած էի հյուրանոցի դռանը, ամայացած փողոցում, խիստ քամի էր, և չէի վախենում ամենևին։ Կարծես ժամանակավոր խելագարություն էր եկել վրաս։ Սպասում էի։ Երբեմն-երբեմն մարդիկ էին անցնում առջևովս, և տեսնում էի, որ օտարոտի հայացքներ են ձգում վրաս։ Մեկը նույնիսկ մոտեցավ ինձ և ինչ-որ ասաց։ Կարծեմ, ապտակ տվի, և նա սուս ու փուս հեռացավ։ Քայլերի ձայները լսելիս, հեռու մթության մեջ մարդկային ստվեր տեսնելիս դողում էի ամբողջապես. միշտ թվում էր ինձ, թե նա է: Տե՛ր իմ աստված, այն ի՞նչ րոպեներ էին...

Վերջապես, դեռ շատ հեռվից, փողոցի լապտերի լուսավորության տակ, ճանաչեցի նրան ու վազեցի դեպի նա։

Սկզբում կանգ առավ շփոթված և, երևի խիստ զարմացած և չճանաչելով ինձ, նայեց վուալիս։

Արդեն բոլորովին կորցրել էի ինձ։ Այդ րոպեին չկար ինձ համար ոչ ամոթ, ոչ պատկառանք, ոչ արժանապատվության զգացման նշույլ անգամ, այն խստագույն արժանապատվության, որը ստիպեց ինձ այնքա՛ն սառնությամբ ընդունել նրա հրաժեշտը և որի համար այնպիսի սոսկալի կերպով պատժվեցի։