Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր հայրենակիցների անտանելի վիճակը։ Նրա ձայնը մարդկային ձայն չէր, այլ հրաշալի մի մուզիկ, որ հնչում էր ականջիս ամբողջ էությունս տակնուվրա անելով։ Մեջ ընդ մեջ մերթ համբույրներ էր դրոշմում ձեռքերիս, մերթ հուսահատական աղերսանքով կրկին նայում աչքերիս և աղաչում ու պաղատում, որ արգելք չլինեմ իր սրբազան ուխտը կատարելու։

— Դուք էլ ունիք մի թշվառ հայրենիք,— ասում էր նա,— բայց ոչ այնքան թշվառ, որքան իմը։ Աղաչում եմ, թույլ տվեք գնամ իմ պարտքը կատարելու...

Տե՛ր աստված, ինչքա՜ն գեղեցիկ, ինչքա՜ն հրաշալի էր նա այդ միջոցին. որքա՜ն ազդու, որքա՜ն գերող նրա հայացքը, ձայնը, ինքն ամբողջապես...

Ակամա խոնարհվեցի և ձեռքերովս առա նրա դեմքը։

— Անմի՛տ, անմի՛տ,— շշնջացի ուղղակի շրթունքների մոտ,— մի՞թե ես կարող եմ որևէ բանում արգելք լինել քեզ։ Ես ուզում եմ նվիրվել քեզ, որպեսզի քեզ հետ միասին նվիրված լինեմ և քո հայրենիքին։ Ուզում ես — ա՛ռ ինձ և տար՝ ուր ուզում ես. չես ուզո՛ւմ — սպանի՛ր ինձ և ապա թե գնա՝ ուր ուզում ես...

Չգիտեմ՝ հոգեզմայլությունից, շնորհակալությունից, թե՞ նրանից, որ այլևս ուժ չէր զգում դիմադրելու, նրա աչքերը նորից լցվեցին արտասուքով։ Եվ նա անձնատուր եղավ ինձ, առանց որևէ առարկության, լուռ ու հնազանդ և ողջագուրանքի առարկա եղող երեխայի քծնող քնքշությամբ...

Պանի Զդանևիչը, կարծես ինքնամոռացության մեջ, վեր կացավ դեպի լուսամուտը և ետ քաշեց լուսամուտի ասվեգործ վարագույրը։ Ձեռքով նա սրբեց քրտնած ապակին և երկար ժամանակ լուռ ու մտախոհ նայում էր դեպի դուրս, որտեղ, գիշերային խավարի մեջ, հրապարակի վրա երևում էին խանութների և կառքերի անհամար ճրագներ։

Շահյանը, արձանի նման, լուռ, անշարժ, նայում էր նրա ետևից։ Նրա կարճատես աչքերի առաջ, ակնոցի պլպլան ապակիների միջից, լուսամուտի արանքում երևում էր պանի Զդանևիչի բարձր, ամուր, լի մեջքը՝ հագուստի մեջ պինդ սեղմված։ Սկզբում նա անհարմար դրության մեջ էր զգում իրեն, որ պանի Զդանևիչն այնպիսի անկեղծությամբ իր անձնական գաղտնի պատմությունն էր անում.