Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանց իմ կարծիքս իմանալու ոչինչ չէր անում. այնպիսի մի քնքշանք ու հոգացողություն էր ցույց տալիս, որ երբեմն նույնիսկ վիրավորական էր թվում ինձ։ Մի անգամ հիվանդացա. ամբողջ մի շաբաթ տանից դուրս չգնաց և շարունակ նստած էր մոտս, մի լավ հիվանդապահի պաշտոն կատարելով։ Օ՜, նա շատ խորամանկ էր և մեծ հոգեբան։ Հետո, շատ հետո իմացա, որ նրա ամեն մի քայլը չափված ու ձևված էր. անկաշառ զգացումից դրդված ոչինչ չէր անում և ինչ անում էր, միշտ հետին նպատակ ուներ։ Շատ լավ գիտեր, թե որքան սիրում էի իրեն։ Ինքն ինձ հպատակվելով ուզում էր ինձ ստրկացնել իրեն։ Ամեն կերպ ինձ պարտավորեցնելով ուզում էր, որ ինքն ազատ մնա որևէ պարտավորությունից։ Այո, վերջը տեսա, որ չէր սխալվել։ Կամաց-կամաց այն աստիճան ստրկացրել էր ինձ, այնպիսի անլեզու մի արարած էր դարձրել, որ երբ, ամիսներ անցնելուց հետո, տեսա, որ հետզհետե սառչում է դեպի ինձ, չէի համարձակվում բերան բանալ հանդիմանելու համար։ Պարզապես տեսնում էի, որ արդեն ձանձրացել էր ինձնից և ինձ հետ շարունակում է ապրել ճարահատված միայն։ Ես տանջվում էի, նրա սառնությունը մահ էր ինձ համար, բայց տեսնում էի, որ իրավունք չունեի բողոքելու և չէր կարողանում ձայն հանել: Զարմանալին այն էր, որ որքան սառչում էր նա ինձնից, այնքան սերս ավելի բորբոքվում էր։ Քանի որ ոչ մի կասկած չունեի նրա փոխադարձ սիրո և անձնվիրության վրա, ինձ մինչև անգամ թվում էր, թե իսկապես սիրահարված չեմ նրա վրա. բայց այժմ, երբ ոչ թե կասկածում, այլ ամենապարզ կերպով տեսնում էի, որ սոսկալի մի վիհ արդեն սկսել է բաժանել նրան ինձնից, զգում էի, թե որքան զորեղ ու խորն է այն զգացումը, որ կապում է ինձ նրա հետ։ Սարսափով տեսնում էի, որ վերջ ի վերջո պիտի ձգի ինձ ու հեռանա։ Եվ այդ բանն ինձ ավելի ևս ստիպում էր լուռ մնալ։ Ցույց էի տալիս, թե չեմ տեսնում իր սառնությունը, թեև նա ամենևին չէր էլ փորձում գեթ արտաքուստ ծածկել իր մեջ կատարվող փոփոխությունն իմ վերաբերմամբ։ Իմ այդ կամավոր կուրությունն, ըստ երևույթին, զարմացնում էր նրան. ինչպես նկատում էի, ուզում էր, որ տրտնջայի, հանդիմանեի, կռվեի հետը, որպեսզի առիթ ունենար ավելի հեշտ պրծնելու ինձնից: