ուստի մեծ հույս ունեի, որ բավական մեծ կարողությունն ինձ կլինի թողած, բայց կտակի մեջ մի կոպեկ անգամ չգտա իմ օգտին, որովհետև նրա արիստոկրատիզմը սաստիկ վիրավորվել էր, որ իր քրոջ աղջիկը ստորին դասակարգի պատկանող մի որևէ կնոջ պես փախել էր առաջին պատահած արկածախնդիր մի մարդու, այն էլ ոչ-կաթոլիկի և այն էլ «անիշխանականի» հետ, արատավորելով իր ամբողջ տոհմի անունը։ Մինչդեռ ես ավելի քան կարոտ էի նրա ժառանգության, որովհետև փողերս հատնելու վրա էին և Բազենյանին ես էի պահում, որովհետև նա գրոշ չուներ։ Բազենյանն ինչ-որ վիճելի կետեր գտավ կտակի մեջ և ստիպում էր ինձ ժառանգական դատ բանալ, բայց ես բացեիբաց մերժեցի, որովհետև ես էլ ունեի իմ պատվասիրությունը։ Դեռևս, փառք աստծո, այնքան ունեի, որ կարող էինք քաղցած չմեռնել։
Ամառն անցկացնելու համար գնացինք Յալթա, ուր մի քիչ կազդուրվելու պետք ունեի անաջող որդեծնությունից հետո։ Շուտով Յալթայում ինձ մենակ թողեց, ասաց, թե մի քանի կարևոր գործերի համար գնում է մոտակա քաղաքները և շուտով կվերադառնա։ Լռությամբ հնազանդվեցի վիճակիս և սկսեցի սպասել։ Հաշվում էի օրերը, ժամերը, րոպեները և կասկածներից քիչ էր մնում խելագարվեի։ Ինձ թվում էր, թե արդեն ձգել է ինձ և փախել և չի վերադառնալ այլևս։ Բայց բանից երևաց, որ կասկածներս հիմք չունեին, որովհետև մի ամսից վերադարձավ և այնքան ուրախ էր, այնպիսի կարոտով գրկեց ինձ, որ միանգամայն վարձատրեց ինձ պատճառած տանջանքների համար։ Հետո, շատ հետո իմացա, որ այդ ուրախությունն ինձ համար չէր, այլ նրա համար, որ Ղրիմում կատարած իր շրջագայության ժամանակ առատ հունձ էր ունեցել:
Ինձ թվում է, թե այն ժամանակ իսկ ես հասկանում էի արդեն, որ նրա անձնվեր հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի դիմակ միայն, որի տակ ծածկված՝ հետամուտ է լինում զուտ անձնական շահերի։ Բայց այն աստիճան ճարպիկ էր նա, և սերն այնքան կուրացրել էր ինձ, որ այդ բանը չէի տեսնում կամ, ավելի ճիշտն ասած, չտեսնելու էի տալիս։ Ինքս սրտովս ու զգացումներովս մաքուր լինելով, չէի ուզում որևէ արատ տեսնել ուրիշների, մանավանդ նրա՛ մեջ,