Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որին սիրում էի, որին նվիրվել էի առմիշտ։ Ուրիշ ոչինչ որ չլիներ, խնդիրն այստեղ վերաբերում էր արդեն իմ պատվին։ Ես ուզում էի խաբված լինել չհիասթափվելու համար, իսկ հիասթափումն այդ դեպքում մահ կլիներ ինձ համար։

7

Օգոստոսի վերջերին ասաց, թե վերևից հրաման է ստացել անհապաղ գնալ Անդրկովկաս մի քանի գործեր կարգադրելու համար և ապա անցնել Հայաստան, ուր արդեն սկսված է ապստամբական շարժումը։ Ընդսմին ցույց տվեց հայերեն գրված ինչ-որ նամակներ, որ իբր թե ստացել էր արտասահմանից։ Այս անգամ ուղղակի ասաց, թե այլևս հնարավորություն չունի ինձ իր հետ ման ածելու և թե գործն արդեն ինքն է ստիպում, որ մենք բաժանվենք իրարից։ Նա խոսում էր խիստ վճռական լեզվով։ Երկար ժամանակ ընկած էի նրա ոտների առաջ և, հուսահատական արտասուք թափելով, աղաչում, պաղատում էի, որ չձգի ինձ, որ ես իր աղախինը կլինեմ, իր ստրու...

— Օ՜,— ֆիզիկական ցավ զգալու չափ հառաչեց պանի Զդանևիչը և դեմքը ծածկեց ձեռքերով։ Անցավ բավական երկար ժամանակ, մինչև որ կարողացավ ճնշել իր ինքնավստահության սուր հիշողության խայթոցը և շարունակեց պատմությունն այս անգամ գրգռված և արագախոսությամբ.

— Նա համաձայնեց ինձ իր հետ առնելու, միայն հասկացրեց, թե փող չունի,— կարծես թե ինքն էր պահում ինձ, և ոչ թե ես՝ իրեն։ Իսկույն հեռագրեցի հավատարմատարիս, որ ծախի վերջին կալվածքս (այդ կալվածքը պահում էի սև օրվա համար) և փողն ուղարկի այնտեղ, որտեղից նամակ կամ հեռագիր կուղարկեմ իրեն։ Ճանապարհ ընկանք դեպի Անդրկովկաս։ Պետք է ասեմ, որ հենց սկզբից պատվիրել էր ինձ, որ ոչ մի տեղ ցույց չտամ, թե որևէ մերձավոր կապ կա մեր միջև, այլ ես էլ, ինքն էլ պետք է ցույց տայինք միայն, թե մենք լոկ ուղեկիցներ ենք՝ ճանապարհին ծանոթացած, և ուր իջնում էինք, ես առանձին էի ապրում, նա առանձին, ինչպես այստեղ՝ Թիֆլիսում։ Այսպիսով շրջեցինք այս կողմերի գավառական հայաբնակ քաղաքները և վերջն