Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկանք Թիֆլիս։ Այստեղ ինձ թողեց և գնաց Բաքու։ Բաքվից վերադարձավ շատ վատ տրամադրության մեջ։ Երևի, սպասած հունձը չէր ունեցել։ Թիֆլիսում մանավանդ խստիվ պատվիրեց, որ բոլորովին հեռու մնամ իրենից և, եթե կարելի է, ամենևին տեսակցություն չունենամ իր հետ։ Ստրկի պես կատարում էի նրա պատվերները։ Դուք նկատեցի՞ք, թե սկզբում ինչքան զայրացավ, որ ես հանկարծ մտա իր սենյակը «Լոնդոն» հյուրանոցում, իր հիվանդ պառկած ժամանակ։ Այն աստիճան սաստել էր ինձ, որ մինչև անգամ, եթե հաստատ գիտենայի էլ, թե այդ միջոցին նրա մոտ մարդ չի լինիլ, էլի՛ չէի համարձակվիլ գնալ նրա մոտ. բայց լրագրի մեջ որ կարդացի այն լուրը, ինքս ինձ մոռացա և գլխապատառ վազեցի, որ տեսնեմ, թե ճի՞շտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Սակայն, չգիտեմ, իրեն պատահած դժբախտությունն էր պատճառը, թե՞ ա՛յն, որ այդ օրերը հավատարմատարիցս ստացած վերջին փողերս իրեն էի տվել,— նա զարմանալի կերպով քնքշացել էր դեպի ինձ: Այդ բավական էր, որ ես կատարելապես մոռանայի նրա ինձ պատճառած այնքան տանջանքները և նորից առաջվա բուռն սիրով անձնատուր լինեի նրան։

Բայց այդ քնքշանքն էլ երկար չտևեց. շատ շուտով տեսա, որ նորից սառել է դեպի ինձ, և մի քանի անգամ էլ, մանավանդ վերջին օրերում, նկատեցի, որ իմ ներկայությունն իր մոտ պարզապես անտանելի է նրա համար։ Նորից կծկվել, նորից ձայն չէի հանում. ուզում էի տանջանքս մեջս խեղդելով և խոնարհ լռությամբ ընկճել նրան, շարժել նրա գութը,— ոչինչ չէր օգնում. նա մռայլվում էր ավելի ու ավելի, վարվում էր ինձ հետ թեև զսպած, բայց արդեն խիստ աչքի ընկնող կոպտությամբ. նրա դեմքի վրա պարզապես ջղային ատելության նշաններ էի տեսնում։ Ինչքան էլ որ հիվանդ սիրո այս ատելի, այս գարշելի զգացումը մեռցրած լիներ իմ մեջ ըմբոստության ոգին և բարոյապես փալաս լիներ դարձրած ինձ, այնուամենայնիվ ֆիզիկապես արդեն անկարելի էր կրել այս հարատև տանջանքները, այս վիրավորանքները, այս նվաստացումը և ոչ մի անգամ բողոք չբարձրացնել։ Եվ ես գնացի բողոքելու։ Գնացի նրա մոտ։ Այդ անցյալ