Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շաբաթ էր։ Բանը վերջացավ նրանով, որ ես,— դարձյա՜լ ես,— սև օրս ողբալով դուրս եկա նրա սենյակից...

Այլևս ավելորդ է, որ երկարացնեմ։ Դուք գիտնք, որ նա փախել է։ Եվ փախավ ամենաանարգ կերպով, փախավ իբրև գող։ Եվ իսկապես որ գող էր. ամենաճարպիկ կերպով գողացավ իմ ամենանվիրական զգացումները, իմ անունը, իմ պատիվը, գողացավ և իմ ամբողջ,— այո՛, ամբողջ,— կարողությունը։ Նա քամեց, ճզմեց ինձ կիտրոնի պես և երբ տեսավ, որ ծծելու այլևս հյութ չունիմ, ձգեց ու փախավ։

— Բայց,— պանի Զդանևիչը հանկարծ վեր կացավ տեղից,— ո՛չ, ո՛չ, ո՛չ, նա մեղավոր չէ ամենևին։ Մեղավորը ե՛ս եմ միայն և ամենևին իրավունք չունիմ նրան դատապարտելու, ո՛չ, չունիմ, քանի որ նա գուցե արտաքուստ, հենց սկզբից կամենում էր հեռու մնալ ինձնից, և ե՛ս էի, որ զոռով փաթաթվեցի նրա վզին, ինչպես այդ բանը նա երեսովս տվեց մեր վերջին տեսակցության ժամանակ։ Օ՜հ, այս գիտակցությունը... սա ուղղակի խելագարեցնում է ինձ։ Ես, որ այնքա՛ն անձնասեր էի, այնքան հպարտ և, առանց այլևայլության, մերժում էի ձեռքս խնդրողներին, որոնց մեջ կային անպայման ազնիվ և պատվավոր մարդիկ,— ինչպե՞ս թույլ տվի ինձ այս աստիճան կուրանալ և ընկնել անծանոթ, մի անհայտ, մի բախտախնդիր երիտասարդի գիրկը, որ կործանեց իմ անունս էլ, իմ պատիվս էլ, իմ կարողությունս էլ և շինեց ինձ պարզապես մի մուրացիկ։ Նա իր արհեստն էր բանեցնում, իսկ ե՞ս ինչ էի մտածում, այս ահագին կինս։ Եթե անփորձ մի աղջիկ լինեի, տղամարդկանց չճանաչող ու միամիտ, էլի հասկանալի կլիներ մոլորությունս և արդարանալի, բայց այս հասակում... տղամարդկանց այնպես լավ ուսումնասիրած լինելուց հետո... Օ՜, սարսափելի է, սարսափելի...

Շահյանը վեր կացավ. մի ուժգին բան ներսից դրդում էր նրան խոսել, քաջալերել։

— Մի հուսահատվեք, պանի Զդանևիչ,— ասաց նա անհամարձակորեն։— Թքեցեք և մոռացեք նրան։

— Ա՛խ, դուք կարծում եք, թե ես դարձյալ նրա՞ համար եմ մտածում,— բացականչեց պանի Զդանևիչը և նրա աչքերը