վառվեցին անհուն ատելության կրակով։— Բավական չեղա՞վ, որքան այս գարշելի կիրքը կուրացրեց ինձ... Ո՛չ, պարոն Շահյան, դուք սվսալվում եք. ես այժմ այնպես ատում եմ նրան, ինչպես դեռ ոչ ոքի չեմ ատել։ Հուսահատությանս պատճառը, այո՛, այն չէ, որ ես դարձյալ սիրում եմ նրան,— այդ խոսքն արտասանելուց անգամ գարշում եմ այժմ,— այլ այն, որ ինքս իմ աչքում կորցրել եմ իմ հարգը։ Իմ տեղս պիտի լինիք, որ հասկանաք, թե ինչ է նշանակում, երբ մարդ դադարում է ինքն իրեն հարգելուց։ Հասկացող մարդու համար դրանից ավելի մեծ տանջանք չի կարող լինել։ Բացի դրանից, չէ՞ որ ես այժմ աղքատացած եմ, բոլորովին աղքատացած։ Ի՞նչ պիտի անեմ, ո՞ւր պիտի գնամ, ինչո՞վ պիտի ապրեմ... Այսպիսի դրության մեջ խելագարվել միայն կարելի է...
Շահյանը, առանց որևէ հետին մտքի, ինքնաբերաբար և ամենայն անկեղծությամբ, ուզում էր ասել, որ ինքը միշտ պատրաստ է նրան օգնելու, բայց հանկարծ մտածեց, թե մի գուցե պանի Զդանևիչն իր խոսքերը վատ մտքով բացատրի, և ոչինչ չասաց, ուրիշ բան էլ չգտավ ասելու։
— Ես այժմ մի բան եմ մտածել,— շարունակեց պանի Զդանևիչը։— Այսպիսի խայտառակությամբ և ամոթով Վարշավ վերադառնալ, հարկավ, չեմ կարող։ Ուզում եմ գնալ Ամերիկա իմ ասած լեհ հայրենասիրական գաղութի հետ միանալու։ Եթե որևէ բանով պետքական եղա այնտեղ, խո — լավ, իսկ եթե ոչ, աշխարհս մե՜ծ, ման կգամ և կաշխատեմ որևէ վարձկան պաշտոն ճարել։ Փառք աստծո, եվրոպական մի քանի լեզու գիտեմ և շատ էլ տգետ չեմ։
Շահյանը նայեց նրան անկեղծ ափսոսանքով և նորից ուզում էր իր օգնությունն առաջարկել, բայց էլի չհամարձակվեց. այժմ վախենում էր, որ դրանով կարող է վիրավորել պանի Զդանևիչի հպարտությունը։
Պանի Զդանևիչը չթողեց, որ Շահյանը շուտ գնա և մինչև անգամ մի թեթև ընթրիք պատվիրեց սպասավորին։
— Վաղը գնում եմ և չեմ ուզում, որ մեր բարեկամությունն անցողակի լինի,— ասաց նա։— Ուր էլ որ լինիմ, միշտ պիտի հիշեմ ձեզ երախտագիտությամբ, որովհետև... Հա՛, մոռացա ձեզ ասեմ. նրա փախստի օրն, ախր, մի նամակ