և կյանքը քարշ է տվել ամենաողորմելի կերպով, քարշ է տվել իբրև արդեն ուժից ընկած, թմրած ու փտած ծերունի,— ինչացո՞ւ են եղել այդ ցնորքները։ Դրանք լոկ րոպեական զվարճություն են պատճառել նրան, անմիտ, հիմար զվարճություն, որպեսզի հետո ավելի վառ գույներով ցույց տան նրան իր կյանքի ատելի դատարկությունը։
Հետևյալ օրը բավական ուշ էր, որ նա արթնացավ։ Օրը սաստիկ մառախլապատ էր, տխուր և ծուլություն ազդող։ Փոշու նման անձրև էր մաղում դուրսը։ Նա երեսն ի վեր դարձյալ ընկավ բարձի վրա և մնաց այդպես։ Ինչո՞ւ վեր կենար, ո՞ւր պետք է գնար, ի՞նչ պետք է աներ։ Եղանակն անպիտան, տունը տաք, կերակուրը պատրաստ, հոգսերից էլ բոլորովին ազատ։ Մի՞թե սա փառավոր կյանք չէ, որին երանի են տալիս միլիոնավոր մարդիկ։ Չէ՛, նա ծակ փիլիսոփայություն է անում, որ շատ հաճախ, ձանձրանալով այդպիսի կյանքից, դժգոհություն է հայտնում։ Ի՞նչ ձգտում, ի՞նչ նպատակ, ի՞նչ եռանդ։ Դրանք կամ անմիտ բառեր են գեղեցիկ խոսելու համար հնարված, կամ դրանցից յուրաքանչյուրը ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ մի-մի անվերջ տանջանք, հոգս և արյան զուր վրդովմունք։ Մարդկանց, բոլոր մարդկանց ձգտումը մի՞թե այն չէ, որ կարելույն չափ ապահով և հանգիստ կյանք վարեն, մտքի և արվեստի աշխարհում ինչ որ կա և ինչ որ ստեղծվում է նոր, չէ՞ որ բոլորը մարդկային բարեկեցության համար է. գործ, աշխատանք, ամեն ինչ կյանքի անդորրության համար չէ՞ միթե։ Աստված առատաձեռն կերպով տվել է նրան այդ ապահով կյանքը, բարեկեցությունը, անդորրությունը, էլ ի՞նչ է հարկավոր։
«Ուո՜ւ...»,— հիշեց նա Եվայի սովորական բացականչությունը, ժպտաց, շուռ եկավ պատի կողմը և սկսեց անթարթ աչքով նայել ծաղկանկար պաստառի մի սպիտակ գծի, որը նրան Եվայի գագաթի վրա մազերի մեջտեղից դեպի ետևն անցնող սպիտակ գիծը հիշեցրեց։ Նրա գլխում նորից սկսեցին ցնորքներ վխտալ, մի հրաշալի իդիլիա ստեղծելով։
Այդ իդիլիան ներկայացնում էր գարնանային այն հրաշալի մեջ-գիշերներից մեկը, երբ երկիրը ննջում է որպես մանուկ, երբ պայծառ լուսինը լուսավորում է իր փափուկ