Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
8

Շահյանը վերադարձավ տուն խիստ ուրախ տրամադրված։ Հիշում էր. այդպիսի ուրախ տրամադրության մեջ մեկ էլ եղել էր Եվայի հետ ծանոթանալու առաջին գիշերը, երբ երկաթուղու կայարանից կառքով ճանապարհ էր դրել նրան մինչև նրանց տան դուռը։ Այժմ նա զարմանում էր, թե որքան հասարակ բան էր եղել պանի Զդանևիչի մոտ գնալը, որից այնքան սարսափում էր այդ օրը։

Գիշերը բավական ուշ էր, և Շահյանն անմիջապես պառկեց, որ քնի, բայց էլի, ըստ հին սովորության, ցնորքները թույլ չտվին, որ քունը շուտ մոտենա աչքերին, չնայելով որ նախորդ գիշերը վատ էր քնել և ամբողջ օրն անց էր կացրել անսովոր հուզման մեջ։

Նա մտածում էր պանի Զդանևիչի մասին։

Այժմ այլևս անասնական ցանկությունը չէր, որ զբաղեցնում էր նրա հիվանդոտ երևակայությունը պանի Զդանևիչի վերաբերմամբ, այլ մտածում էր այն մասին, որ ինքը մի մեծ բարիք էր մատուցել այդ դժբախտ կնոջը, հանելով նրան իր անել դրությունից։ Եվ նրան առանձին ինքնագոհություն էր պատճառում նրա անձնասիրությունը փայփայող այն հանգամանքը, որ պանի Զդանևիչի պես մի կին իր վրա նայում էր անկեղծ երախտագիտությամբ, իրեն անվանում էր իր «ազնիվ», «սիրելի» բարեկամը, իր «եղբայրը» և այնքան մտերմություն էր ցույց տալիս, որ մինչև անգամ պատմում էր իր անձնական ամենանվիրական գաղտնիքը, բաց էր անում նրա առաջ իր վիրավոր սիրտը և այդ բանի մեջ էր որոնում իր սփոփանքը։

Չոր ուղեղով նա շատ ցածր էր համարում Բազենյանի վարմունքը, բայց զգացումով բոլորովին անտարբեր էր. ընդհակառակը, սրտի խորքում, կարծես ինքն իրենից ծածուկ, մինչև անգամ նախանձում էր Բազենյանին, որ կարողացել էր այնպես գերել պանի Զդանևիչի պես մի կնոջ։ Ա՜խ, ինչ լավ կլիներ, եթե ինքն էլ ունենար այդպիսի գեթ չնչին մի շնորհք։ Այն ժամանակ ոչ թե Բազենյանի պես անխիղճ կերպով կվարվեր այդպիսի հրաշալի մի կնոջ հետ, այլ կաստվածացներ