Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն մտքից, որ պանի Զդանևիչն առավոտյան պիտի մեկներ։ Առավոտյան... այդպես շուտ... Իսկ ինքը... ի՞նչ պիտի անի ինքն այնուհետև իր մեջ վառվող և իր ամբողջ էությունը լափող այդ զգացումով։ Կարո՞ղ է դիմանալ... չի՞ գժվիլ արդյոք... Չի՞ գժվիլ արդյոք այն մարդը, որ երկար ժամանակ ծարավից պապակվելով թափառում է անապատի մեջ և, հանկարծ մի աղբյուր գտնելով, վրա է ընկնում, որ ծարավը հագեցնի, բայց ջուրը հանկարծ ետ է քաշվում և երկրի ծոցը մտնում, առանց մի կաթիլ թողնելու... Ո՜չ, ո՛չ, անկարելի է։ Պետք է մի բան անել... պետք է այնպես անել, որ պանի Զդանևիչը չգնա, մնա, մնա անպատճառ և...

Շահյանը խոնարհվեց ծնկների վրա և տաքացած գլուխն առավ ձեռքերի մեջ։ Երկար ժամանակ նստած էր այդպես, մտածելով, թե ինչ պիտի անել և ինչ կարող է անել։ Քունքերին սեղմած ափերի վրա զգում էր գլխի երակների զարկն այնքան ծանր ու հատու, որ կարծես գլխի մեջ թաքնված մի բան տնքում էր տանջանքով։

Հանկարծ նստեց ուղիղ և չռած աչքերով նայեց օդի մեջ, իբրև մի մարդ, որի միտքը հանկարծ պարզվում է մի նշանավոր գյուտից։ Կարճ ժամանակ այդպես մնալուց հետո կամաց իջավ մահճակալից, ոտները մեքենայաբար կոխեց մահճակալի առաջ դրված մաշիկների մեջ, նույն չռած աչքերով, լուսնոտի պես, մոտեցավ գրասեղանին, նստեց, առավ մի թուղթ, առավ գրիչը և կանգ առավ։ Հետո կամաց ու զգուշորեն, կարծես վախենալով, որ այն, ինչ որ մտածել էր, կարող էր մոռանալ, սկսեց գրել.

«Շատ հարգելի պանի Զդանևիչ։

Մի չափազանց հանդուգն առաջարկություն եմ ուզում անել Ձեզ.— կկամենայի՞ք արդյոք իմ կինս լինել, կինս — աստծո և մարդկանց առաջ։ Եթե այո — պատասխանեցեք, եթե ոչ — նույնպես։ Երկու դեպքումն էլ Ձեր պատասխանը, որին պիտի սպասեմ սրտատրոփ, կընդունեմ ամենայն շնորհակալությամբ։ Համենայն դեպս, աղաչում եմ, առանց պատասխանի մի թողնեք։

Մշտապատրաստ Ձեր խոնարհ ծառա
Լևոն Շահյան»