Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
9

Երբ Շահյանը մտավ պանի Զդանևիչի մոտ, վերջինս իր հաշիվներն էր տեսնում հյուրանոցի սպասավորի հետ։ Սենյակի դռան մոտ դրված էին երկու մեծ ճամպրուկ։ Ինքը պանի Զդանևիչը ճանապարհորդական փոքր-ինչ հնացած, բայց կոկ և ճաշակով կարված հագուստի մեջ էր, ուսին սակվոյաժ ձգած։ Շահյանին ընդունեց շատ սիրալիր և մտերմորեն, հետո ներողություն խնդրեց և նորից դարձավ սպասավորի ներկայացրած հաշիվներին։

Շահյանը նստեց հեռու և սպասում էր մի տեսակ բութ հանգստությամբ։ նա նմանում էր կյանքի հետ իր հաշիվները վերջացրած սառն ու անտարբեր մարդու։ Այն կրակը, որ այնպիսի կատաղությամբ վառվել էր նրա մեջ պանի Զդանևիչի վերաբերմամբ, կարծես հանգել էր այժմ, և նրան թվում էր, թե այդ հանգած կրակն այժմ այնտեղ, հոգու խորքում, ծուխ էր արձակում այնքան թանձր ու ծանր և այնքան հեղձուցիչ, ինչպես վառված փայտի վրա ջուր թափելուց հետո։

Պանի Զդանևիչը շուտով արձակեց սպասավորին և, երբ սպասավորը դուրս գնաց, արագ դարձավ Շահյանին։

— Երևակայեցեք,— բացականչեց նա մի տեսակ անհոգ ծիծաղով։— Եթե դուք չլինեիք, բոլոր ունեցած-չունեցածս պետք է թողնեի այստեղ։ Բայց հիմա, փառք աստծո, բոլոր իրեղեններս փրկված են։

Նա շտապով հավաքեց այս ու այնտեղ թափթփված մի քանի մանր-մունր բաներ և սկսեց տեղավորել ճամպրուկներից մեկի մեջ, նույն անհոգությամբ գանգատվելով հյուրանոցում տիրող անկարգ կարգերից, անաստված թանկ գներից և զանազան հարմարությունների բացակայությանից։ Իր անհոգ շատախոսության միջոցին հանկարծ խոսքը կիսատ թողեց բերանում, բնազդաբար ետ նայեց Շահյանի կողմը, մի րոպե ուշադրությամբ դիտեց նրա քարացած դեմքը, հետո կամաց բաց թողեց ձեռքին բռնած մի ինչ-որ իր և մոտեցավ նրան։

— Ի՞նչ է պատահել ձեզ, պարոն Շահյան,— հարցրեց նա մտահոգությամբ։