Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լույսով, որի մեջ երկրի հորիզոնները, կարծես, գոլորշիանում, կամաց, աննկատելի կերպով բարձրանում են դեպի վեր, և մարդը, լցված մեղմ, անհասկանալի բաղձանքներով, գերեզմանական լռության մեջ հազիվ լսում է բնության ձայնը, որը թվում է մերթ, թե անհուն վշտի ողբ է և մերթ՝ թե անհուն երանության օրհներգ։ Սենյակում ճրագը մարած է։ Լուսինը ներս է նայում լուսամուտից և խորհրդավոր կերպով ժպտում։ Լուսամուտի առաջ նստած են Շահյանն ու Եվան իրար գրկած, գլուխ գլխի կպցրած։ Եվան ամբողջապես սպիտակ հագուստի մեջ է, որը պլաստիկական նրբությամբ գծագրում է նրա կուրծքը և ծնկները։ Շահյանը սեղմում է նրա իրանը, և նրան թվում է, թե այդ իրանն առաձգական է ռետինի պես։ Եվայի փափուկ մազերը, կարծես շնչելով, կրքոտ համբույր են տալիս նրա ականջին։ Նրանք նստած են անշարժ ու լուռ. այնտեղ, ուր զգացմունքներն են խոսում, լեզուն պապանձվում է. այնտեղ, ուր ինքը կենդանի բանաստեղծությունն է խոսում, պրոզան փախուստ է տալիս։ Լուռ են, բայց ուշիուշով լսում են իրար շնչառությունը, իրար սրտի զարկը և հոգիների հրաշալի զուգավորությամբ զգում են, թե մտածություններով, զգացումներով և իղձերով մի են, ինչպես մի է Շահյանն առանձնապես, ինչպես մի է Եվան առանձնապես, և երկուսը միասին լրացնում են իրար։ Այդպես միացած՝ նրանք նայում են լուսնի կաթնագույն լույսի մեջ գոլորշիացող հորիզոններին, և նրանց թվում է, թե իրենք ևս գոլորշիանում են կամաց-կամաց, խառնում են իրար հետ, բարձրանում և անէանում... Լուսինը չարաճճի կերպով նայում է նրանց և շարունակում է ժպտալ խորհրդավոր կերպով...

Դուռը զգուշորեն բացվեց, և Շահյանի մայրը ներս կոխեց գլուխը:

Իդիլիան չքացավ։ Շահյանը շուռ եկավ և երազից սթափվողի նման նայեց մորը։ Ըստ երևույթին, Թավարը կարծում էր, թե որդին դեռևս քնած է, բայց տեսնելով, որ արթուն է, ներս մտավ և դուռը ետ դրեց։ Իր հետ բերել էր որդու տաք ֆուֆայկը, որ հագներ, չմրսեր։

Անախորժ տպավորություն գործեց Շահյանի վրա մոր անժամանակ ներս մտնելը,— անժամանակ, որովհետև նա կամենում էր կարելույն չափ երկար ապրել պարապ երևակայության