Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շահյանն իր պատասխանները տալիս էր իսկույն և համարձակ։ Այդ բանում նրան քաջալերում էր պանի Զդանևիչի մտերմական հովանավորող վերաբերմունքը։ Նա տեսավ, որ խիստ հետաքրքրել է պանի Զդանևիչին, ուստի փքվում էր և չէր վախենում իր մտքերն ուղղակի հայտնելուց։ Արագ քայլերով անցուդարձ էր անում սենյակի երկարությամբ, որի ժամանակ թեթև կերպով ճռճռում էին նրա կոշիկները, և թեև չէր նայում պանի Զդանևիչին, բայց զգում էր, որ նա, զարմացած, աչքերով հետևում էր իրեն։ Այդ բանը խիստ հաճելի էր Շահյանի համար, և այդ միջոցինն ազդում էր, որ բարձրացել է ինքն իր աչքում։

— Լսեցեք, պարոն Շահյան,— խոսեց պանի Զդանևիչը կարճ լռությունից հետո։— Դուք, իհարկե, չափազանցնում եք, որովհետև, ինչպես տեսնում եմ, դեռևս շատ անփորձ եք։ Երևի մի որևէ անախորժ դեպք է պատահել ձեզ, որ այդպես...

— Այո՛, մի խիստ անախորժ դեպք, պանի Զդանևիչ,— վրա բերեց Շահյանը խիստ ու կտրուկ և ականջ դրեց կոշիկների ճռճռոցին։

— Ի՞նչ դեպք:

— Ա՛յն, որ ես ծնվել եմ։

Շահյանն իսկապես շատ լուրջ կերպով ասաց այդ խոսքերը, բայց հետո, ինքն էլ չհասկացավ ինչու, նայեց պանի Զդանևիչին։ Նրանց աչքերը հանդիպեցին իրար, և երկուսն էլ միաժամանակ ծիծաղեցին։

— Եվ դուք ասում եք, թե կատակ չեք անում,— նկատեց պանի Զդանևիչը։

— Ոչ, իզուր եք կարծում, թե՝ որ ծիծաղեցի, կատակ եմ անում։ Ամենալուրջ կերպով կրկնում եմ, որ միակ և ամենամեծ անախորժ դեպքը, որ պատահել է ինձ, այդ այն է, որ ես ծնվել եմ։

— Բայց չէ՞ որ այդ վաղուցվա դեպք է,— բացականչեց պանի Զդանևիչը, շարունակելով ծիծաղել։

— Այո՛, բայց, դժբախտաբար, այնպիսի մի դեպք, որի ծանրությունը մարդ հետո է զգում։

— Դուք փիլիսոփա եք եղել, պարոն Շահյան։

— Այդ ավելի վատ։ Ես կկամենայի անասուն լինել։